ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սկսում է հետապնդումների շարքն ընդդիմության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները նոր թափով են լծվել ընդդիմությանն ու նրա առաջնորդներին հետապնդելու գործին։ Դատական համակարգը «ստրկացնելու» գործը փոփոխակի հաջողությամբ իրականացնում է Գագիկ Ջհանգիրյանը, իսկ դատախազությունը հիմա էլ միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի` Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության: Եթե դատարանը բավարարի այս միջնորդությունը, և հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածի փոխարեն նախկին նախագահին, ԱԺ երկու պատգամավորներին և ԳՇ նախկին պետին հիմա էլ հետապնդեն նոր հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), չի բացառվում, որ կրկին նրանց կալանավորելու որոշում կայացվի։

Առնվազն Ռոբերտ Քոչարյանի դեպքում հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անելու է նրան կրկին ազատությունից զրկելու համար։ Փաշինյանի «սերը» թե՛ Քոչարյանի, թե՛ նրա գլխավորած դաշինքի նկատմամբ անսահման է։ Դաշինքի երեք պատգամավորներ այսօր կալանավորված են, պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակն էլ այսօր վատթարացել է, նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ Եվ առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն բան անելու է ընդդիմությանը հարվածելու, հնարավորության դեպքում ազատությունից զրկելու համար։ Հատկապես, «սուր, բարդ և զգայուն» հարցերի ոչ հայանպաստ լուծման դեպքում ընդդիմությունը կարող է խանգարել, իսկ Փաշինյանը պետք է ամեն գնով կատարի իր դավադիր պայմանավորվածությունները։

Տիգրան Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular