ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողները և ՀԿ-ները՝ ընդդեմ իշխանության․ դեմ են փոխզիջմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցները, իրավապաշտպանները և ընդդիմադիր պատգամավորները մի հարցում համակարծիք են՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը խորհրդարանում։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժի, լրագրողական գործունեության սահմանափակումների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ։ ԱԺ խորհուրդը լրագրողներին վերաբերող որոշումն օրերս էր ընդունել։ Ըստ այդմ՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:

Քննարկմանը, բնականաբար, չէին մասնակցում ո՛չ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, ո՛չ էլ իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները։ Վերջիններս խնդիր չունեն ԱԺ-ում ազատ թրև գալու, իշխանական պատգամավորներին էլ հաճելի հարցեր տալու հարցում։ Իսկ իշխանությունը «պատահաբար» մեկ այլ քննարկում էր կազմակերպել նույն ժամին, որպեսզի որևէ պատգամավոր չներկայանա ԶԼՄ-ների աշխատանքի մասին ընդդիմության կազմակերպած քննարկմանը։ Քննարկման մասնակիցներն անընդունելի են համարել լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումը, պահանջել չեղարկել այն։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարել է, թե ԶԼՄ-ները չպետք է կոմպրոմիսի գնան իշխանության հետ լրագրողների իրավունքների ոտնահարման հարցում։ Նույնիսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է ընդգծել, որ աննախադեպ ու անընդունելի են վերջին մեկ ամսվա ընթացքում լրագրողների գործունեության սահմանափակումներն ու բռնությունները։

Կարեն Մարտիրոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular