ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ խաղաղությունը մեզ տանելու է բնաջնջման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ասուլիսի ժամանակ ասել է. «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։ Ըստ պատգամավորի՝ Էրդողանի մատնանշած տարածքային ամբողջականությունն է, որ հայկական շահի դեմ է, որովհետև, երբ Էրդողանը խոսում է պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նկատի ունի Արցախը Ադրբեջանի կազմում։

«Ուզում եմ հարցնել հիմա դա՞ է դրական ազդակը։ Ամեն գնով առաջարկում են խաղաղություն, իսկ դա տանելու է մեզ բնաջնջման։ Այո՛, որևէ մեկը չի ասում, որ մենք հարատև պետք է պատերազմենք մեր հակառակորդների հետ, բայց չի՛ կարելի գնալ այդ խաղաղության, երբ չգիտես, թե ինչ է թաքնված դրա հետևում։ Տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելով՝ Թուրքիան առաջ է տանում Ադրբեջանի շահը, այստեղ հայկական շահն առկա չէ։ Իհարկե, ասում են, որ դրանից հետո լինելու է տնտեսական աճ, բայց եթե տնտեսական աճը լինելու է նավթադոլարների հաշվին, ապա մենք կարճ ժամանակ անց դառնալու ենք մեր թշնամու տնտեսական համակարգի կցորդը, ինչին արագ տեմպերով գնում է իշխանությունը։ Ընտրություններից հետո այս հարցում իշխանության քայլերի մեջ ինտենսիվություն է նկատվում, և շատ բաներ հիմա բացահայտ են ասում։ Օրինակ՝ նայեք նրանց բերած Կառավարության ծրագրին՝ կարմիր թելով անցնում է մեզ պարտադրված խաղաղության թեզը, որի դեպքում հայն ընդամենը պետք է չարքաշ կյանքով գոյատևի։ Այս հարցում խորհրդարանական ընդդիմությունը դիտարկում է նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ ակտիվ համագործակցությունը, որովհետև փողոցի պայքարը պետք է համադրվի խորհրդարանական ընդդիմության աշխատանքի հետ, ինչն էլ ինչ-որ պահի տալու է իր արդյունքը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular