ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խոշտանգումներով փորձում է կոտրել ընդդիմադիրներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնալով ավելի են սաստկացնում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները։ Քաղբանտարկյալների փաստաբաններն ահազանգում են, որ նրանց առողջական վիճակը վատթարացել է, սակայն իրավապահները ոչինչ չեն ձեռնարկում։ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նախօրեին հայտնեց, թե Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ ախտորոշվել են նաև ծանր շաքարային դիաբետ, խրոնիկ երիկամային անբավարարություն։ Էրիկ Ալեքսանյանն ասում է՝ Չարչյանին կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր:

Իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին են ասում նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբանները։ Լուսինե Սահակյանը նշել է, թե դեռ կալանավորումից առաջ է Մանվել Փարամազյանն առողջական խնդիրների հետ կապված ենթարկվել բժշկական հետազոտությունների, այդ թվում արտերկրում։ Նրա մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։

«Այդ հիվանդությամբ տառապող անձինք այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։ Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղացի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։ Այսինքն գործ ունենք ոչ միայն անձի ազատության իրավունքի ոտնահարման, այլ նաև կյանքի իրավունքին ուղղված ոտնձգությունների ու անմարդկային վերաբերմունքի ցուցադրության հետ»,- ասել է փաստաբանը։

Մինչդեռ իշխանությունը շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել երկու գործիչներին, հրահանգներ իջեցնել դատարաններին, որ նրանց ազատ չարձակեն։ Սա, ըստ էության, խոշտանգում է և հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Բաբկեն Նիկոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular