ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ղեկավարների ուղերձների և արժեքների տարբերությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունից հետո Արցախն այսօր նշում է Հանրապետության 30-ամյակը։ Այսօր շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի գործող վարչաետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահների տեքստերը զուսպ են, դառնացած, գիտակցում են երկրի և պետության գլխին կանգնած վտանգը։

«Եվ մենք հաղթեցինք, որովհետև հավատացինք մեր ուժերին, արժանապատվորեն պաշտպանեցինք մեր հողն ու ընտանիքը և դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Ռոբերտ Քոչարյանն էլ նշել է․ «44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։ Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։

Մինչ նախկին նախագահներն արձանագրում են Արցախի պետականության գլխին կանգնած վտանգը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդամենը նշում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։ Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագայության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար»,- ասել է նա։

Գեղեցիկ բառերի փաթեթավորմամբ վարչապետն ընդամենը խոսում է ինքնորոշման իրավունքի մասին՝ մոռանալով, որ Արցախը լիարժեք պետություն էր երեք տասնամյակ։

Թաթուլ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular