ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր առաջնային խնդիրն անվտանգային համակարգի վերականգնումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները գնացել էին Արցախի Հանրապետություն: Այս թեմայով զրուցել ենք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

Հարցին, թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել այնտեղ պատգամավորը պատասխանել է․ «Կոնկրետ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցել է Արցախի խորհրդարանում տեղի ունեցած կարճ միջոցառմանը, որտեղ մեր խմբակցության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում արտահայտել է նաև մեր խմբակցության դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի կարգավորման և, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բայց պաշտոնական մյուս արարողություններին, որտեղ ներկայացված են եղել Հայաստանի և Արցախի իշխանությունները ներկայացնող խմբակցությունները, մենք չենք մասնակցել: Տեղում հանդիպումներ ենք ունեցել Արցախի ընդդիմադիր երեք ուժերի հետ, որի առանցքում եղել է Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակը, Հայաստանի իշխանությունների անգործությունը կամ վարած քաղաքականությունը, որի հետևանքով պատերազմում ունեցանք այսպիսի ողբերգալի ավարտ, և դրան հաջորդած իրադարձություններն էլ, ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ են աշխատում: Մեր գործընկերների հետ քննարկել ենք նաև Հայաստանի խորհրդարանում մեր ներկայացրած նախաձեռնության հետ կապված հարցեր, օրինակ՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման, որը Հայաստանի իշխանությունները վիժեցրին: Իհարկե, Հայաստանի իշխանությունն ինքնին մերժելու է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել և՛ Արցախի իրավիճակի կայունացմանը, և՛ երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը: Այս տեսանկյունից ոչ միայն այս խորհրդանշական օրերին, այլև հետպատերազմյան փուլում Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի Արցախ չայցելելը խոսում է այս իշխանությունների՝ Արցախի հարցով վարվող իրական քաղաքականության մասին՝ անտարբերություն: Արցախի հետ կապված հարցերից ձեռքերը լվանալու այս մոտեցումը, իրականում, հասկանալի է, որ նոր ողբերգություն է հարուցում Արցախի ու Հայաստանի համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր ինչ խնդիրների առաջ են կանգնած Հայաստանը և Արցախը Տիգրան Աբրահամյանը ասել է․ «Ես կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրն անվտանգային համակարգի վերականգնումն է և իրավիճակին համահունչ վերակազմավորումը։ Դա վերաբերում է և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ Հայաստանի Հանրապետությանը։ Երկրորդ, կարևոր եմ համարում, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Հայաստանը և Արցախը դիվանագիտական-քաղաքական հարթությունում հնարավորություն ունենան առաջ մղելու մեզ համար առաջնային օրակարգը։ Առաջին հերթին խոսքս վերաբերում է Արցախի կարգավիճակի հետ կապված հարցին, որը ենթադրում է բանակցությունների վերականգնում այն ձևաչափով և այն սկզբունքների շուրջ, որը եղել է նախքան պատերազմական գործողությունները։ Ներկայում Արցախի կարգավիճակի, ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հետ կապված հարցը հետին պլան է մղված։ Եվ ստեղծված իրավիճակը, բնականաբար, չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից։ Գործընթացներում, որոնք տեղի են ունենում եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ֆորմատով, առաջնային հարցեր են համարվում թեմաներ, որոնք նպատակահարմար չէ առաջնային օրակարգում պահել, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ դրան զուգահեռ Արցախի ապագայի հետ կապված հստակություններ այս պահին չկան»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular