ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետիք Իշխանյանի երևակայական հարցազրույցը քաղաքական-հասարակական գործիչ Ալֆրեդ Լենդրոշի Բաշիբոզուկյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

-Հարգելի պարոն Բաշիբոզուկյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։

-Խնդրեմ։

-Պարոն Բաշիբոզուկյան, դուք ձեր խոսքում մշտապես պնդում եք այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, պահանջի հեռացնել ռուսական ռազմական բազան, շրջվի դեպի արևմուտք, անդամակցի ՆԱՏՕ-ին։ Իրատեսակա՞ն եք համարում այս ամենը։

-Իհարկե՝ այո։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես է մեզ վերաբերվում Ռուսաստանը։ Դավադրաբար դաշինք կազմելով թուրքերի և ադրբեջանցիների հետ, այդ երկիրը կործանեց Ղարաբաղը, այսօր էլ կործանման եզրին է հասցրել Հայաստանը։ Մեր ողջ պատմության ընթացքում ռուսները մեզ խաբել են և հայկական պատմական հողերը բաժանել թուրքերին և ադրբեջանցիներին։ Վերջապես պե՞տք է, որ մենք դասեր քաղենք պատմությունից, թե՞ շարունակելու ենք մնալ ռսի սապոգի տակ։

 -Շնորհակալություն։ Նայելով ձեր կենսագրությանը, դուք ԽՍՀՄ տարիներին եղել եք կոմկուսի անդամ, դասավանդել մարքսիզմ-լենինիզմ, ձեր դիսերտացիայի թեման եղել է «Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրական պայքարում», որտեղ դուք փաստորեն Ռուսաստանին համարում եք հայ ժողովրդի փրկիչ, թղթակցել եք «Կոմունիստ», «Լենինյան ուղիով», «Կոմսոմոլեց» թերթերին։ Եթե չեմ սխալվում և դուք և ձեր զավակները ստացել եք ռուսական կրթություն։ Կարելի՞ է ասել, որ ձեր նախկին հայացքները դուք հիմնովին վերանայել եք։

-Այո, ԽՍՀՄ տարիներին անձնական առաջընթացի համար պետք է ընդունեիր այդ երկրի գաղափարախոսությունը։ Եվ հայրս, ինքը լինելով կոմկուսի անդամ, մտածելով իր զավակի ապագայի մասին, ինձ ուղարկեց ռուսական դպրոց, հետո ծանոթությամբ ընդունել տվեց համալսարանի Արևելագիտական ֆակուլտետ։ Դեռևս ուսանողական տարիներին ես ակտիվ կոմերիտական էի, դարձա ՊԱԿ-ի գործակալ։ Համալսարանն ավարտելուց հետո , նույնպես հորս ծանոթների միջոցով դարձա դիսերտանտ և պաշտպանեցի ձեր հիշատակած թեմայով դիսերտացիա։ Սկսեցի դասավանդել, ինչպես հայոց պատմություն, այնպես էլ մարքսիզմ-լենինիզմի հիմունքներ։ Շուտով պետք է աշխատանքի անցնեի ՀԿԿ Կենտկոմ, որպես պրոպագանդայի բաժնի վարիչ, այն էլ սկսվեց այդ անիծյալ ղարաբաղյան շարժումը։

-Փաստորեն ձեր հայրը նույնպես եղել է կոմունիստ, այսինքն`ռուսամետ։

-Այո, պապս եղել է դաշնակցական, բայց Հայաստանի խորհրդայնացումից հետո, հրապարակային հրաժարվել է դաշնակցությունից, ԿԳԲ-ին մատնել իր նախկին կուսակցական ընկերներին, ընդունվել կոմկուսի շարքերը և որդու, այսինքն` հորս անվանակոչել Լենդրոշ։Կարծում եմ, որ կհամաձայնեք, թե որքան ճիշտ է կողմնորոշվել հայրս։

-Քանի որ խոսեցիք ձեր հոր անվան մասին, կարո՞ղ եք բացատրել նաև, թե ինչպիսի ծագումնաբանություն ունի ձեր ազգանունը։

-Խնդրեմ, իմ նախնիները արևմտյան Հայաստանից են։ Քանի որ նրանք ապրել են Օսմանյան կայսրության լծի տակ, իմ պապերը այն ժամանակ նույնպես ճիշտ են կողմնորոշվել և թուրք աղաներին հաճոյանալու համար փոխել ազգանունը։ Նրանք ցանկացել են նաև կրոնափոխ լինել, սակայն Մալաթիայի վիլայեթի ամիրան նրանց ետ է պահել այդ մտադրությունից, բացատրելով, որ նրանք որպես հայ քրիստոնյա են պետք իրենց։ Եվ մեր գերդաստանի տղամարդիկ սերնդե-սերունդ եղել եմ գյուղի ռեսերը։ Նրանք հավատարմորեն ծառայել են թուրքերին, մատնելով ֆիդայիներին և բարգավաճել։ Ցավոք, թուրքերը չգնահատեցին բաշիբոզուկյանների ծառայությունները և 1915թ․ մեր գերդաստանը նույնպես ցեղասպանության զոհ դարձավ։ Պապս մի կերպ փրկվեց և ինչպես ասացի, 1918թ․ դարձավ արդեն դաշնակցական։

-Իսկ ինչպե՞ս դասավորվեց ձեր կյանքը 1988թ․ հետո։

-Արդեն զգալով ԽՍՀՄ փլուզումը, ես փորձեցի ջերմ հարաբերություններ հաստատել «Ղարաբաղ» կոմիտեի հետ։ Այդ հարաբերությունների շնորհիվ, 1990թ․ ԳԽ ընտրություններին, ՀՀՇ-ն իմ դեմ թեկնածու չառաջադրեց։ Ընտրվելով պատգամավոր, որպես կոմունիստ, բայց և զգալով քաղաքական փոփոխությունները, առաջինը ես հանդես եկա Լևոն Տեր-Պետրոսյան ԳԽ նախագահ ընտրվելու կողմնակից և հրաժարվեցի կոմկուսի անդամակցությունից։ Այդ ժամանակ անդամակցեցի ՀՅԴ-ին, սակայն մեկ տարի անց հրաժարվեցի անդամակցությունից։ Իմ քայլը գնահատվեց նոր ղեկավարության կողմից և ես անցա պետական, դիվանագիտական աշխատանքի։

-Դուք, չնայած ԽՍՀՄ տարիներին ստացած պատմական գիտությունների թեկնածուի կոչումին, ներկայանում եք, որպես քաղաքական գիտությունների դոկտոր։

-Արդեն 1993թ․ ես պաշտպանեցի դոկտորական դիսերտացիա «Լևոն Տեր-Պետրոսյանի դերը Հայաստանի ապագաղութացման և անկախության հարցում» թեմայով և ստացա պատմա-քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

-Դուք ասացիք, որ ունեցել եք պետական պաշտոն, եղել դիվանագետ։ Այսօր դուք հանդես եք գալիս, որպես անկախ փորձագետ, նաև քաղաքական գործիչ։ Ե՞րբ եք հրաժեշտ տվել ձեր պաշտոնին։ Արդյոք դա եղել է սկզբունքային որոշում և հրաժարական, թե՞ ձեզ հեռացրել են։

-Ի՞նչ հրաժարականի մասին կարող է խոսք լինել։ Ես նշանակված էի դեսպան։ Բացի բարձր աշխատավարձը, իբր դեսպանատան համար ախպարներից գումարներ էի հանգանակում, Հայաստանից եկած փախստականներին անձնագիր, տարբեր տեղեկանքներ տալու համար նույնպես գումար շորթում, որպես դիվանագետ զբաղվում էի մաքսազերծ ապրանքների առաքումով և դրանց վաճառքով։ Սակայն, հերթական իշխանափոխությունից հետո, Հայաստանի նոր ղեկավարությունը ինձ զրկեց դեսպանի պաշտոնից, նշանակեց իր մարդուն, և ես անցա ԱԳՆ-ի կադրային բանկ։

-Իսկ հետո՞։

-Հետո, բնականաբար, ես չվերադարձա Հայաստան։ Ես և իմ ընտանիքը դարձանք այն երկրի քաղաքացի, որտեղ ես դեսպան էի եղել։ Այդ օրվանից ես դարձա անկախ քաղաքագետ և հիմնեցի իմ քաղաքագիտական կենտրոնը։ Եվ ինչպես տեսնում եք՝ չեմ սխալվել։ Այսօր ես համարվում եմ Հայաստանի լավագույն քաղաքագետ-վերլուծաբանը, տարվա մի մասն անցկացնում Հայաստանում։ Երբ Հայաստանի գլխին զգում եմ կախված վտանգը, «գործերով» մեկնում եմ իմ երկրորդ հայրենիքը։

-Հարգելի պարոն Բաշիբոզուկյան, նկատել եմ, որ հաճախ ձեզ դիմում են Ալֆրեդ Լենդրոշովիչ։ Այդ դիմելաձևը ձեզ համար այլևս տհաճ չէ՞։

-Սա հնարավոր ապագայի համար է։ Չէ՞ որ հնարավոր է, որ նորից ռուսական կայսրության մեջ կամ ազդեցության տակ հայտնվենք։ Ա՛յ, այդ ժամանակ ես արդեն, մեր ռուս փրկիչներին կներկայանամ որպես Լենդրոշովիչ և նրանց կներկայացնեմ իմ և հորս փառավոր անցյալը։

-Իսկ մտադիր չե՞ք փոխել ձեր թուրքական ազգանունը։

-Հարգելիս, իսկ եթե Հայաստանն անցնի թուրքական տիրապետության տա՞կ։ -Շնորհակալություն պարոն Ալֆրեդ Լենդրոշովիչ Բաշիբոզուկյան, անկեղծ հարցազրույցի համար։

Երևակայական հարցազրույցը վարեց Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆԸ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular