ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը պետք է նոր ռազմավարական գործընկերներ փնտրի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի Հանրապետության Վարանդա քաղաքում Բաքվից առաջին ինքնաթիռներն են վարէջք կատարել։ Ադրբեջանի նախագահը դեռևս հունվարին էր այցելել օկուպացված Վարանդա և դրել օդանավակայան կառուցելու հիմքը։ Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքում օդանավակայան բացելուն և դրան առնչվող վտանգներին` ռազմական փորձագետն ասել է․ «Իրականում այն այդքան էլ օդանավակայան չէ, այն ասֆալտապատ տարածք է, և չի կարելի ասել, որ միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան է։ Միաժամանակ այն բավականին հետաքրքիր է, որովհետև Ալիևն առաջինն արեց այն, ինչն իրենից, օրինակ, պահանջում էին միջազգային հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները։ Այսինքն՝ գաղտնի պահանջ ունեին, որպեսզի Ադրբեջանի օկուպացրած տարածքներում առկա հանքավայրերը հանձնվեն միջազգային կազմակերպություններին։ Սա արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, և այդ օդանավակայանը միանշանակ օգտագործվելու է հենց այդ նպատակով։ Չեմ կարծում, որ այդ օդանավակայանի բացմամբ Ադրբեջանը փորձելու է բնակեցնել գրավյալ բոլոր տարածքները։ Ընդհանուր առմամբ պետք է նաև խոստովանենք, որ Ադրբեջանը բավականին հետաքրքիր ասֆալտապատման աշխատանքներ է սկսել օկուպացրած տարածքներում, այդ «հաղթանակի» կոչված ճանապարհի կառուցումն է արագ տեմպերով առաջ տանում։ Տպավորություն է, որ Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե օկուպացրած տարածքներում տեր ու տիրական է, ներդրողներ է բերում»։

Հարցին, թե ի պատասխան Ադրբեջանի այս քայլի ինչ է արել հայկական կողմը Կարեն Հովհաննիսյանը պատասխանել է․ «Ի պատասխան Ադրբեջանի, մենք ոչինչ չենք արել, այսինքն՝ մեր ամբողջ հայացքը ուղղել ենք դեպի բանակ և փորձում ենք ինչ-որ բաներ անել, բայց այստեղ ևս խնդրահարույց բաներ եմ տեսնում, որովհետև հարցը միայն բարեփոխումներ կատարելը չէ, այլև այն, որ նոր ռազմավարական գործընկերներ պետք է փնտրենք։ Մինչդեռ մենք մեկ ռազմավարական գործընկերոջ հետ ենք ուզում գնալ և որևէ մեկի հետ չհամագործակցել, ինչը սխալ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular