ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները մոռացե՞լ են 2020 թվականի տնտեսության անկման ցուցանիշների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները շարունակ թմբկահարում են տնտեսական երկնիշ թվով աճի մասին, մոռանալով, որ մենք անգամ չենք կարողացել վերականգնել անցած տարվա տնտեսական կորուստները։ Այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։ Ակնհայտ է, որ 7 ամիսների արդյունքներով մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել վերադարձնել անցած տարվա կորցրածը, իսկ դա նշանակում է, որ այս փուլում դեռ վաղ է խոսել տնտեսության վերականգնման մասին։

Միայն հուլիսի տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսության վերականգնման փուլը դանդաղում է։ Անցած տարվա հուլիսին արձանագրվել էր տնտեսական ակտիվության 10,2 տոկոս անկում։ Այս տարվա հուլիսին աճը կազմել է հազիվ 5,8 տոկոս։ Գրեթե կրկնակի պակաս, քան անցած տարվա անկումն էր։ Հաշվի առնելով նաև Հայաստանում գնաճի առկայությունը՝ կարելի է եզրակացնել, թե մեծ հաշվով ինչի հաշվին է գրանցվել 5,8 տոկոս աճը։ Պատկերացրեք, եթե Հայաստանում գնաճը աննախադեպ թվերի չհասներ, ի՞նչ վիճակում էր լինելու տնտեսությունը։ Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանում արձանագրվել է 8,2 տոկոս գնաճ, ինչն իսկապես աննախադեպ է վերջին առնվազն տասնամյակի կտրվածքով։

Անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ ունեինք 2,3 տոկոս անկում, այս տարվա հուլիսին այդ անկման համեմատ գրանցվել է 1,7 տոկոս աճ։ Անցած տարվա հուլիսին շինարարության ոլորտում գրանցվել էր 19,5 տոկոս անկում, իսկ այս տարվա հուլիսին շինարարությունն աճել է ընդամենը 2,2 տոկոսով։ Սա այն շինարարության ոլորտն է, որի մասին մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Անցած տարվա հուլիսին առևտրի շրջանառությունը նվազել էր 11,4 տոկոս, այս տարվա հուլիսին աճել է 5,2 տոկոսով։ Աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է, քան անկման տեմպն է եղել։

Ծառայությունների ծավալի անկումն անցած տարվա հուլիսին 21,6 տոկոս էր, այս տարվա աճը՝ 14,4 տոկոս. 7,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան անցած տարվա անկումն էր։ Այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող աճերը, որոնք արձանագրվում են այս տարվա ընթացքում, հիմնականում նախորդ տարվա հաշվարկային ցածր բազայի արդյունք են։ Տնտեսության մեջ իրական զարգացումներ չկան։ Դրանք բավական հետ են մնում 2019 թվականից։ Եվ ոչ միայն հուլիսի, այլև ամբողջ տարվա կտրվածքով։ Յոթ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,2 տոկոս։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի անկումը 5,7 տոկոս էր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը այս պահին անգամ չի վերականգնել անցած տարվա կորցրածը։ Իշխանությունները մոռանալով անցած տարվա անկման ցուցանիշները պարբերաբար թմբկահարում են տնտեսական աննախադեպ երկնիշ թվով աճի մասին, իսկ եթե այդ ցուցանիշները համեմատում ենք անցած տարվա գրանցաց ցուցանիշների հետ ամեն ինչ ակնհայտ է՝ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել և հաշվի առնելով համատարած գնաճը, ամեն ինչ ավելի վատ է, քան ներկայացվում է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular