Դատական համակարգում ակնկալվող փոփոխությունները չեն երևում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանություններն անընդհատ խոսում են դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց մենք տեսնում ենք, որ դատական պրակտիկան նույնությամբ շարունակվում է: Մասնավորապես, դատարանը որոշեց չկալանավորել թիվ 122 դպրոցի տնօրենին, թեև առկա էր կաշառք վերցնելու վերաբերյալ ձայնագրությունը: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
Հարցին, թե փաստաբանն ինչպես է գնահատում տեղի ունեցածը Նորայր Նորիկյանը ասել է․ «Մասնավոր դեպքերի վրա հիմնվելով` ես չեմ կարող ամբողջական դատողություն անել, բայց որ դատական համակարգում ակնկալվող փոփոխությունները չեն երևում, և հանրության մոտ մտածողության տեսանկյունից փոփոխություն չի նկատվում դատական համակարգի նկատմամբ, ակնհայտ է, և անզեն աչքով էլ տեսանելի է: Ամենից առաջ անհրաժեշտ է այդ համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում հանգել այն իրավիճակին, երբ հանրության մոտ համոզմունք կձևավորվի, որ մենք գործ ունենք արդար դատական համակարգի հետ: Բայց ես դեռևս չեմ տեսնում այդ նախանշանները կամ էլ ինստիտուցիոնալ քայլերը, որոնց արդյունքում մենք կունենանք արդար դատական համակարգ»։
Հարցին, թե արդյո՞ք դատաիրավական ոլորտի բարեփոխումները զուտ խոստումների մակարդակում են և աղերս չունեն իրականության հետ փաստաբանը պատասխանել է․ «Մենք դեռ չունենք համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բացահայտված կոռուպցիոներներ: Չունենք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ, չունենք հանրությանը հասցված վնասի վերականգնման շոշափելի միջոցներ: Այս իրավիճակում կարելի է շատ գեղեցիկ խոսքերով, փաթեթավորումներով ներկայացնել, թե ինչ ցանկություն է առկա, բայց ցանկությունը մի բան է, իրողությունը՝ այլ բան: Ըստ էության, ձախողման եզրին է գտնվում բարեփոխումների ամբողջ գործընթացը: Մենք կտեսնենք, թե նոր կառավարությունն ինչպիսի արագությամբ կփորձի իրականացնել այդ բարեփոխումները: Եթե իներցիոն մակարդակով պետք է իրականացվեն այն քայլերը, որոնք անում էին վերջին երեք տարիներին, ես կարծում եմ՝ մենք շոշափելի փոփոխություն այդ առումով չենք ունենա»։
Սոնա Գիշյան