ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորահայտ Օստապ Բենդերը պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորահայտ քաղաքական ուժերը ողջ թափով պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, տեղերում փորձում ամրապնդել իրենց ներկայությունը՝ երբեմն չխորշելով հատել կարմիր գծերն ու բարոյականության սահմանները։ «Ապրելու երկիր» կուսակցությունն, օրինակ, շրջում է Սյունիքի և Տավուշի համայնքներում և բառացիորեն «վերբովկա» անում այս իշխանությունից դժգոհներին։ Ընդ որում, նախկին սոցապնախարարների գլխավորած կուսակցությունում հստակ դերաբաշխում է արված։ Կուսակցապետ Մանե Թանդիլյանը փախցնում և իրենց կողմն է քաշում իր նախկին կուսակիցներին՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներին, իսկ Մեսրոպ Առաքելյանն էլ նախկինում Փաշինյանի հետ համագործակցած, բայց այս իշխանությունների հետ կապերը խզած անձանց։ 

Թանդիլյան ու Առաքելյանը իրենց նոր կողմնակիցներին խոստումներ են շռայլում հայկական «Օստապ Բենդերի»՝ գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։ «Ապրելու երկիր» կուսակցության պարագլուխը հենց Ռուբեն Վարդանյանն է։ Նա, ի դեպ, դեռ այս տարվա մայիսին Հանրայինի եթերում, ներկայացնելով իր հերթական անպտուղ նախաձեռնությունը, ազդարարել էր․ «Մենք չենք մասնակցում ընտրությունների, քաղաքական կուսակցություններ ստեղծելու շրջանում, գտնում ենք, որ կարևոր պրոցեսներ են գնում Հայաստանում, բայց ավելի կարևոր է պատասխանել հարցին, թե ինչ Հայաստան ենք տեսնում»։

Պարզվեց, որ նրա խոսքն ընդամենը փուչիկ է, իսկ ստեղծածն էլ ուրիշների թերմացքներով հավաքված մի կուսակցություն, որտեղ մրցունակ թեկնածուներ են որսում նախկին գործընկերների հաշվին։ Պատերազմից հետո, երբ Վարդանյանը հաշված ժամերի ընթացքում հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից և միայն հայկական անձնագիր վերցրեց, ակնհայտ էր՝ իր համար ուղի է հարթում հայաստանյան քաղաքական դաշտում և լուրջ ախորժակ ունի։ Ռուբեն Վարդանյանի կուսակցության առաջնորդներն էլ, ուշագրավ մարտավարություն են ընտրել, մեղմիկ քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և արմատական ընդդիմությանը, հավասարության նշան դնում երկուսի միջև՝ լղոզելով քաղաքական դաշտը։ Ռուբեն Վարդանյանն ինքն էլ անցել է ընդհատակ, գործող իշխանություններին չի քննադատում կամ օգտվում է նույն մարտավարությունից, ջերմ կապեր է հաստատում փաշինյանական իշխանության հետ և սպասարկում երկիրը ծայրահեղ վիճակի հասցրած իշխանության շահերը։

Մանվել Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular