ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը ոտնահարում է մարդու իրավունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Նախագծով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Օրենքի այդ հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որն անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չտրամադրել վարձատրություն: Այլ խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կազատվեն այն բոլոր քաղծառայողները, որոնք չեն պատվաստվի, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Անդրադառնալով այս նախագծին` իրավապաշտպանը ասել է․ «Պատգամավոր եղած ժամանակ բազմիցս եմ ասել, որ իրար հետևից այնպիսի օրենքներ են ընդունվում, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները։ Տվյալ դեպքում սա հենց այդ դասական դեպքն է, ես ափսոսում եմ, որ դա արվում է նախկինում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ պարտադրանքը տվյալ դեպքում մեզ վերադարձնում է խորհրդային ժամանակներ։ Կա՛մ մենք պետք է ամբողջովին հստակեցնենք մոտեցումը, կա՛մ այս հատվածական մոտեցումը ճիշտ չեմ համարում։ Եթե քաղծառայողին աշխատանքից հեռացնեն, ապա նրան կգան փոխարինելու ռեզերվում մնացած պրոիշխանական մասնագետները, անկախ նրանից՝ փորձ ունե՞ն, թե՞ ոչ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular