ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրիստինա Օգանեզը Երևանում կներկայացնի «Սուրբ Հոգու թռչունը» նախագիծը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» մշակութային նախագիծը:

Նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։

«Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Ծնվեց նոր գաղափար նկարների նոր հավաքածուի վերաբերյալ, և հավատում եմ, որ հենց Սուրբ Հոգին հուշեց ինձ այս նախագիծը իրականություն դարձնել։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից և զարդանախշերից՝ թռչնատառերից»,- պատմում է սփյուռքահայ նկարչուհին:

Հայկական թռչնատառերը և նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ին UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլև թռչնաթվերի:

Քրիստինա Օգանեզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Թռչնաթվերն առաջին անգամ կներկայացվեն հենց այս նախագծի շրջանակում՝ դառնալով հայկական մշակույթի ինքնատիպ զարդերը։

«Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը:

Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։

Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն ունի։

Քրիստինա Օգանեզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Նրա աշխատանքները զետեղված են տարբեր երկրների անհատական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես, Օգանեզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

2020 թվականին Օգանեզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular