ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալ հաշվարկված ու հապճեպ կազմակերպվող քայլերը կարող են նոր մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա ադրբեջանա-հայկական հարաբերություններում բարդությունների հաղթահարման գործում։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։
 
Հարցին, թե ադրբեջանագետն ինչպես է գնահատում Փաշինյանի՝ Վրաստանի վարչապետին դիմելու միջնորդությունը Տաթևիկ Հայրապետյանը պատասխանել է․ «Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փորձը չէ: Ժամանակին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում կնքվեցին հայտնի հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այդպես էլ չվավերացվեցին Թուրքիայի կողմից, ավելին՝ հետագայում առաջ քաշվեցին նախապայմաններ. Թուրքիան վկայակոչում էր Արցախի հիմնախնդրի չլուծվածությունը: Ի վերջո, ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչվեցին: Փաստացի, ամեն անգամ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնություններին Անկարան պատասխանում է նոր նախապայմաններ առաջ քաշելով: Այս անգամ Հայաստանի կառավարության ղեկավարը, խոսելով հնարավոր դրական ազդակների մասին, փաստացի Վրաստանի վարչապետի միջնորդական առաքելությանն է դիմել Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար: Դրա մասին հայ հանրությունը տեղեկանում է Էրդողանի միջոցով, ընդ որում՝ վերջինս իր խոսքում արդեն առաջ է քաշում նախապայման՝ հանձին պայմանական կոչված «միջանցքի»: Հայկական կողմը բազմիցս, այդ թվում՝ վարչապետի մակարդակով բացառել է «միջանցքի» մասին խոսակցություններն ու քննարկումները: Ուստի Թուրքիայից հնչող նման հռետորաբանության և ակնհայտորեն առաջ քաշվող նախապայմանների դեպքում դժվարանում եմ գնահատել մեր կառավարության ձեռնարկած գործողությունների արդյունավետությունը և հնարավոր հետևանքները: 2020 թ. Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նաև տարածաշրջանում ուժերի դասավորությունն է փոխվել: Ստեղծված նոր իրողության պայմաններում սխալ հաշվարկված ու հապճեպ կազմակերպվող քայլերը կարող են իսկապես նոր մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Հույս ունեմ՝ համապատասխան ռիսկերը գնահատվում են»:
 
Անդրադառնալով այն հարցին, թե ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններն այս փուլում արդյո՞ք ունեն կարգավորման հեռանկար ադրբեջանագետը պատասխանել է․ «Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը բարդ է ու բազմաշերտ: Այստեղ խոսքը միայն սահմանը բացելու ու առևտուր անելու մասին չէ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողվեց անգամ չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ համարվող Աբդուլլա Գյուլի ղեկավարման շրջանում: Էրդողանը շատ ավելի կոշտ հռետորաբանությամբ և դրան համարժեք գործողություններով է հանդես գալիս: Անցած տարվա սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիան բացահայտ ու ուղիղ միջամտեց պատերազմին: Պատերազմից հետո Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ալիևի կողքին հենց Էրդողանն էր կանգնած: Չմոռանանք նաև այս տարվա հուլիսին օկուպացված Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական համատեղ հռչակագրում տեղ գտած դրույթները: Վերջերս էլ թուրք օդաչուները պարգևատրվեցին F16 կործանիչների թռիչքների համար, իսկ համատեղ զորավարժությունների անցկացումը դարձել է սովորական երևույթ, ընդ որում՝ դրանք անց են կացվում նաև Բերձորի մոտակայքում՝ ուղիղ սպառնալիք ներկայացնելով արցախահայության համար: Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում, թուրք-ադրբեջանական տանդեմը անվտանգային նոր մարտահրավերներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների համար: Այս իրավիճակում խիստ կասկածելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը, որովհետև Թուրքիայի թշնամական քաղաքականությունն անթաքույց է մեր պետության և քաղաքացիների հանդեպ»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular