ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք կկայանա Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է անձամբ Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, հանդիպման առաջարկը եկել է հայկական կողմից եւ փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով: Այդ մասին  հաղորդել է Anadolu գործակալությունը:

«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե ​​այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատի», - ասել է Էրդողանը  պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու ծրագրի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը: Էրդողանի խոսքով նման միջանցքի բացման կամ բացումից հրաժարվելու հարցը քաղաքական է: Նա նաև հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ ադրբեջանա-հայկական հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան, որն ավարտվել էր Բաթումի քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության «ոչ պաշտոնական հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի հետ»: «Փաստ» թերթի աղբյուրները հայտնում են, որ «այդ օրը Փաշինյանը անսպասելիորեն «անհետացել» է Բաթումում մոտ 3-4 ժամ, և ո՛չ վրացական կողմը, ո՛չ վարչապետի արարողակարգի աշխատակիցները չեն իմացել նրա գտնվելու վայրի մասին: Թե ո՞վ է նրան ուղեկցել այս պահին և արդյո՞ք նա ընդհանրապես ուղեկցում է ունեցել՝ անհնար է պարզել: Հայտնի չէ նաև, թե որտե՞ղ է եղել Փաշինյանն այդ ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիան Հայաստանում սահմանների բացումը կապում էր ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Հակամարտությունը, Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի կարծիքով, արդեն լուծված է: Սակայն ներկայումս Անկարան արդեն առաջ է քաշում նոր պայման, որն է Նախիջեւանի տարածաշրջանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի բացումը:

Ավելի վաղ՝ 2009 թվականին, Հայաստանի և Թուրքիայի առաջնորդներն արդեն երկու անգամ հանդիպել են: Բայց չնայած հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին ստորագրված համաձայնագրին, հարցը այդպես էլ չի լուծվել: Երկու երկրների խորհրդարանները չեն վավերացրել համապատասխան փաստաթղթերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular