ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհնար է ամբողջությամբ հետևել համացանցով տարածվող բովանդակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին ընդունեց օրենք, որով քրեականացվեցին անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Ըստ այդմ, «ծանր վիրավորանքի» համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 3 մլն դրամ տուգանք, կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: Վերջերս էլ ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել: Չնայած սա առաջին քրեական գործն է, բայց երբ հետևում ենք վարչապետի ելույթներին օնլայն հարթակներում, դրանց տակ մեկնաբանություններում հայհոյանքների ու վիրավորանքների պակաս չկա: Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ սա կարող ենք դիտարկել որպես խոսքի ազատության սահմանափակում Բորիս Նավասարդյանը ասել է․ «Դա ոչ թե խոսքի ազատության սահմանափակում պետք է որակենք, այլ ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ: Երևի հայտնի է գրեթե բոլոր լրագրողական կազմակերպությունների վերաբերմունքը այդ օրենսդրական փոփոխության նկատմամբ, որն անընդունելի հատուկ պաշտպանության տակ է վերցնում պաշտոնյաներին, մանավանդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, ըստ միջազգային չափանիշների, պետք է ավելի հանդուրժող լինեն սուր քննադատական խոսքի նկատմամբ: Բնականաբար, այդ անընդունելի օրենսդրական փոփոխության գործնական կիրառումը ևս միայն վրդովմունք կարող է առաջացնել»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս օրենքը կարող է զսպաշապիկ լինել հայհոյանքի դեմ մասնագետը պատասխանել է․ «Ամբողջությամբ հետևել նրան, թե ինչ բովանդակություն է տարածվում համացանցի միջոցով, սոցիալական ցանցերում, անհնար է: Այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են նման բովանդակություն տարածել, կգտնեն բազմաթիվ տարբերակներ: Քանի որ հիշատակեցիք, որ նախկինում էլ վարչապետի «լայվ» խոսքի ընթացքում լինում էին և՛ մեկնաբանություններ, և՛ հայհոյանքներ, բայց երբ վստահությունը իշխանության նկատմամբ ավելի բարձր մակարդակի վրա էր, հենց ինքը՝ իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնյաները հանդուրժողականությամբ էին վերաբերվում դրանց: Բայց այսօր, երբ կա ընդհանուր լարվածություն, երբ կա բավականին զանգվածային դժգոհություն իշխանության տարբեր քայլերից, նրանք փաստորեն գնում են միայն սեփական շահերը պաշտպանելու, սեփական անվտանգությունն ապահովելու ճանապարհով, բնականաբար, դա չի կարող հասարակությանը դուր գալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular