ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունեմ, որ Հայաստանում ոչ մի կառավարություն այդպիսի բեռի տակ չի մտնի, որ նախապայմաններն ընդունի. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձին իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացվող ազդակների մասին:

Իգդիրից դեպի Ադրբեջան ճանապարհաշինության և հնարավոր երկաթգծի կառուցման մասին իր անդրադարձում նա մասնավորապես ասել է. «Այս ճանապարհի կառուցումը շատ-շատ կարևոր քայլ է լինելու։ Մեր կողմից հնգամյակ կամ վեցամյակ կոչվող նախագիծ կար։ Հիմա այս հարցի վերաբերյալ էլ Փաշինյանից դրական ազդակներ են գալիս։ Այդ դրական ազդակների հետ միասին՝ որոշ քայլեր ենք անելու։ Ամսվա վերջում պարոն Պուտինի հետ կայանալիք հանդիպմանն այս հարցերն էլ, բնականաբար, լինելու են քննարկումների օրակարգում»:

Արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման շուրջ:

Կառավարության նիստերից մեկում նախ Հայաստանի վարչապետն էր նշել, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիայի նախագահն էր հայտարարել, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

Oրեր առաջ էլ՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, նա հանրայնացրել էր Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցված Հայաստանի վարչապետի հանդիպման մասին առաջարկը և կրկին հիշատակել էր Սյունիքով միջանցքի մասին:

Սակայն հայկական կողմում անգամ թուրքական ակնհայտ նախապայմանների մասին հիշատակումից հետո հավատացած են՝ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Այսօր կառավարությունում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշել է.

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևէ հարցում առաջ գնալ:

Եվ մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների, բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություն սկսելը շատ դժվար կլինի»:

Ի վերջո, հեռանկարայի՞ն է հարաբերությունների կարգավորմանն ուղղված այս գործընթացը՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ դրանք ոչ մի իրական արդյունքի չեն տանի. այսինքն՝ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, որը հիմնվում է նախապայմանների վրա: Այդ նախապայմաններն առաջ երեքն էին, այժմ՝ չորսն են դարձել. արդեն Սյունիքով միջանցքի մասին են իրենք խոսում»:

Հարցին, թե որքանով են օբյեկտիվ հանրային ու քաղաքական շրջանակներում հնչող պնդումները, թե Հայաստանի իշխանություններն աստիճանաբար ցանկանում են մտնել թուրքական ազդեցության գոտի, թուրքագետը պատասխանեց. «Ես լավատես եմ և հույս ունեմ, որ Հայաստանում ոչ մի կառավարություն՝ ներառյալ և այս մեկը, այդպիսի բեռի տակ չի մտնի, որ նախապայմաններն ընդունի: Եթե մենք ընդունենք Թուրքիայի նախապայմանները՝ կապված և Ցեղասպանության հետ, և Արցախի հետ, և Կարսի պայմանագրի հետ, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի հատվածից»:

Ի դեպ, երեկ, ըստ Flightradar24-ի տվյալների, Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Flightradar24-ին հղում անելով՝ գրել էր,  թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»:

168.am-ը փորձել էր ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:  Կոմիտեից խոստացել էին  ճշտել տեղեկությունը, սակայն ավելի ուշ առաջարկել էին հարցը գրավոր ուղարկել:

Հարցն ուղարկվել է գրավոր,  քանի որ այս օրերին, երբ ակտիվացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, առավել քան հետաքրքիր է՝ արդյո՞ք թուրքական մասնավոր ինքնաթիռով Երևան դրական նոր ազդակներ են «փոխանցվել»:

Նկատենք՝ ԱԽ քարտուղարն այսօր կեղծ էր որակել լուրերը, թե այդ ինքնաթիռով Հայաստան է ժամանել թուրքական պատվիրակություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular