ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձին իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացվող ազդակների մասին: Իգդիրից դեպի Ադրբեջան ճանապարհաշինության և հնարավոր երկաթգծի կառուցման մասին իր անդրադարձում նա մասնավորապես ասել է. «Այս ճանապարհի կառուցումը շատ-շատ կարևոր քայլ է լինելու։ Մեր կողմից հնգամյակ կամ վեցամյակ կոչվող նախագիծ կար։ Հիմա այս հարցի վերաբերյալ էլ Փաշինյանից դրական ազդակներ են գալիս։ Այդ դրական ազդակների հետ միասին՝ որոշ քայլեր ենք անելու։ Ամսվա վերջում պարոն Պուտինի հետ կայանալիք հանդիպմանն այս հարցերն էլ, բնականաբար, լինելու են քննարկումների օրակարգում»:

Արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման շուրջ: Կառավարության նիստերից մեկում նախ Հայաստանի վարչապետն էր նշել, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիայի նախագահն էր հայտարարել, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Oրեր առաջ էլ՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, նա հանրայնացրել էր Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցված Հայաստանի վարչապետի հանդիպման մասին առաջարկը և կրկին հիշատակել էր Սյունիքով միջանցքի մասին:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Հարցին, թե արդյոք հեռանկարայի՞ն է հարաբերությունների կարգավորմանն ուղղված այս գործընթացը թուրքագետը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ դրանք ոչ մի իրական արդյունքի չեն տանի. այսինքն՝ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, որը հիմնվում է նախապայմանների վրա: Այդ նախապայմաններն առաջ երեքն էին, այժմ՝ չորսն են դարձել. արդեն Սյունիքով միջանցքի մասին են իրենք խոսում»:

Այն հարցին, թե որքանով են օբյեկտիվ հանրային ու քաղաքական շրջանակներում հնչող պնդումները, թե Հայաստանի իշխանություններն աստիճանաբար ցանկանում են մտնել թուրքական ազդեցության գոտի, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Ես լավատես եմ և հույս ունեմ, որ Հայաստանում ոչ մի կառավարություն՝ ներառյալ և այս մեկը, այդպիսի բեռի տակ չի մտնի, որ նախապայմաններն ընդունի: Եթե մենք ընդունենք Թուրքիայի նախապայմանները՝ կապված և՛ Ցեղասպանության հետ, և՛ Արցախի հետ, և՛ Կարսի պայմանագրի հետ, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի հատվածից»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular