ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. Ա. Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին:

Հաջորդ խնդիրն էլ, ըստ Վարդևանյանի, վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Վարդևանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ, որոշակի, և այդ հարցով նույնպես դիմել են ՍԴ:

Պատգամավորը անդրադարձավ նաև առողջապահության նախարարի այն հրամանին, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան:

«Պատվաստումը յուրաքանչյուր անձի գիտակցված որոշումն է, թող խոսեն, պարզաբանեն՝ ինչի համար է դա անհրաժեշտ պատվաստվել, բայց չպարտադրեն: ՊՇՌ հետազոտության ծախսը թող պետությունը կատարի: Եղած սոցիալական խնդիրներով հանդերձ՝ քաղաքացիներն ինչու՞ պետք է լրացուցիչ ծախս անեն, կամ ստիպված պատվաստվեն»,-ասաց նա՝ նշելով, թե ՍԴ-ին խնդրել են կասեցնել այդ հրամանի գործողությունը:

Վարդևանյանը նշեց նաև, թե դիմելու են ՍԴ քաղաքական պաշտոնյաների պարգևավճարների վերանայման հարցով: «Մենք խոսում ենք քաղաքական պաշտոնների մասին՝ պատգամավոր, նախարար, փոխնախարար. նրանք չպետք է ստանան պարգևավճար, իսկ ստանալու դեպքում պետք է չափորոշիչներ լինեն»,-նշեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular