ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից մեկ տարի անց․ վտանգները մնում և բազմապատկվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը՝ թուրքական տեխնիկայի և իսլամիստ ահաբեկիչների մասնակցությամբ, հարձակում գործեցին Արցախի ողջ երկայնքով։ 44-օրյա պատերազմում հայկական բանակն ու կամավորները խիզախության դաս տվեցին, իրենց կյանքի գնով մաքառեցին, որպեսզի կանխեն թշնամու առաջխաղացումը։ Հայաստանն ու Արցախը պարտվեցին, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները եռակողմ հայտարարություն ստորագրեցին, որով ամրագրվեց մեր ցավալի և ողբերգական պարտությունը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց տարածքների մեծ մասը, մնացյալ հատվածի շուրջ էլ խորացող անորոշություն է. Ադրբեջանը չի էլ քննարկում կարգավիճակի հարցը` պնդելով, որ ռուսական խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվել են իր տարածքում:

Ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից 4 հազար մարդ է զոհվել այս պատերազմում: Պատերազմից մեկ տարի անց էլ հարյուրավոր մարդիկ անհետ կորած են կամ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հակահայ քաղաքականությունը, փորձում ամրապնդվել զավթված տարածքներում, նոր ուժեր կենտրոնացնում՝ պատրաստվելով հնարավոր նոր առճակատման։ Մեկ տարի անց հայ հանրությունը դեռ մասնատված է, պառակտված, հոգեբանորեն կոտրված, իսկ դավաճանական իշխանությունը, որը ոչինչ չարեց պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու համար, որի գործողությունները պատերազմից առաջ՝ դիվանագիտական ճակատում, և պատերազմի ժամանակ հանգեցրին պարտության, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացավ 54 տոկոս քվե և մնաց իշխանության։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անթաքույց հրճվանքով խոսում է խաղաղության դարաշրջան բացելու, թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայության, սահմանները բացելու, առևտուր անելու մասին։ Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ այդ քիրվայությանը, թե՞ չորս հազարից ավելի տղերքը, որ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին։ Իսկ հայ հանրությունը դեռ երկար է շարունակելու տանջվել իրեն բաժին հասած իշխանության ձեռքը, մինչ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները շարունակում են բազմապատկվել։

Կարեն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular