ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հեռանկարները մշուշոտ են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խոսել է գնաճային միտումների մասին՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը նվազի՝ հասնելով նախատեսված 4 տոկոսի: Նկատենք, որ կապիտալ ծախսերը, որոնք տնտեսության վրա՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ կտրվածքով ունեն ահռելի ազդեցություն, վերջին երեք տարիներին սովորույթի ուժով թերակատարվում են, իսկ մասնագիտական շրջանակները մեկ անգամ չէ, որ հիշեցրել են՝ կապիտալ ծախսերը չկատարելը հանգեցնում է տնտեսական աճի ներուժի տուգանման, և հենց այս պատճառով՝ կապիտալ ծախսերի թերակատարումները պետք է լինեն ահազանգող: Կառավարությունը շուտով կհաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և կուղարկի Ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անգամ նախորդ տարիների կապիտալ ծախսերի թերակատարման ֆոնին դարձյալ չի դադարում խոսել նոր «աննախադեպ» ծախսերի մասին:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- օրերս հայտարարել է վարչապետը հայ-ռուսական տնտեսական համաժողովում:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Անդրադառնալով 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցերին` տնտեսագետը ասել է․ «Կապիտալ ծախսերի թերակատարումն այս կառավարության մշտական խնդիրն է. սկսվել է 2018 թվականից և չի դադարել: Այսինքն, եթե մենք դիտարկենք կապիտալ ծախսերը, որոնք արվում են վերջին երեք տարվա ընթացքում, ապա կարձանագրենք՝ բազմաթիվ ոլորտներում դրանք չեն արվում և հիմնականում ուղղվում են ճանապարհաշինության ոլորտին: Եթե իշխանավարման սկզբում այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունը նախապատրաստել էր, այս կառավարության կողմից համարվում էին, թե կոռուպցիոն կոմպոնենտ ունեն, ապա երեք ու կես տարի անց նորից նույն բացատրությունը չի կարող լինել»:

Ըստ տնտեսագետի՝ այս պահին առկա են բացասական տնտեսական միտումներ, իսկ տնտեսական հեռանկարները մշուշոտ են. «Էկոնոմիկայի նախարարը խոստանում է, որ կունենանք երկնիշ տնտեսական աճ, սակայն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ այս օգոստոսին աճը եղել է ընդամենը 2-2.3 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում 5 տոկոսով անկում ունենք: Սրանք ցուցանիշներ են, որոնք մատնանշում են, որ տնտեսական իրավիճակը բացասական միտումներ ունի, այսինքն՝ վերականգնողական աճը գրեթե չկա արդեն (սկզբից կար, հետո պասիվացել է, և նույնիսկ անցյալ տարվա նկատմամբ շատ ցածր աճի միտում է գրանցվում): Սա զգալիորեն պատերազմի հետևանքն է. Հայաստանի Հանրապետության համար, ի տարբերություն Արցախի, պատերազմի հետևանքը ոչ թե ուղիղ հարվածն է տնտեսությանը, այլ երկարատև գործընթաց է: Եթե վերջինիս հավելենք ադրբեջանցիների ստեղծած խոչընդոտներն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին և դրանց տնտեսական հետևանքները, կարող ենք ասել, որ Հայաստանում տնտեսական հեռանկարները բավականին մշուշոտ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular