ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կպարզվի, որ 2021 թվականին ձախողման համար մեղավոր են COVID-ը, պատերազմը, և նախկինները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը շուտով կհաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և կուղարկի Ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շարունակում է խոսել նոր «աննախադեպ» ծախսերի մասին, չնայած նրան, որ նախորդ տարիներին կապիտալ ծախսերը թերակատարվել էին։

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- վերջերս հայտարարել է վարչապետը հայ-ռուսական տնտեսական համաժողովում:

Այս թեմայով զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ տնտեսագետ պատգամավորն ասել է․ «2018 թվականի իշխանափոխությունից հետո բերում են պետական բյուջե, ներկայացնում են աճեր, ամպագոռգոռ, աննախադեպ, ընդունում են՝ առաջացնելով մեծ էյֆորիա, դա հատկապես վերաբերում է կապիտալ ծախսերին, սոցիալական ծախսերին, իսկ ընթացքում արդեն՝ թերակատարումներ: Ըստ էության, ստացվում է, որ հռչակում են ծրագրեր, տալիս են խոստումներ, կարևորագույն փաստաթղթերը բերում են ԱԺ, որտեղ ունեն մանդատների մեծամասնություն, հաստատում են, տանում են այդ ծրագրերը, թերակատարում են: Իսկ թե ով է պատասխանատու, կպարզվի, որ 2021 թվականին առաջին կիսամյակի ձախողման համար պատասխանատուն մի քիչ COVID-ն է, մի քիչ պատերազմի հետևանքն է, մնացած մասն էլ՝ նախկիններն են։ Բազմաթիվ ծրագրեր ընթացքում վերաբաշխվում են, և նախորդ տարի օգտվելով առիթից, ԱԺ-ում նույնիսկ օրենքի նախագիծ անցկացրին, որով կառավարությանն արդեն թույլ է տրվում միջծրագրային անսահմանափակ վերաբաշխումներ անել»:

Այս իրավիճակի պատճառը, ըստ տնտեսագետի, հյուծվող տնտեսությունն է, ներդրումների բացակայությունը. «Նախորդ տարվա համեմատ նույնիսկ, երբ մենք ունեինք տնտեսական թռիչքաձև անկում, մենք չնչին ՏԱՑ ունենք. այս տարվա առաջին յոթ ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 5.2 տոկոսով, իսկ 8 ամիսների կտրվածքով՝ նվազել է՝ դառնալով 4.9 տոկոս: Տնտեսությունը հյուծվում է, հարկերը դժվար է գեներացնել, դրան էլ գումարենք, որ պատերազմը, համավարակի դեմ պայքարի ձախողումն առաջացրել են նոր որակի սոցիալական խնդիրներ: Այսպիսի պարագայում սոցիալական օբյեկտիվ ծախսերի անհրաժեշտությունը մեծանում է, պետական բյուջեի հնարավորությունները՝ նվազում, այսինքն՝ արդեն պետք է ականատեսը լինենք ավելի շատ աճպարարությունների»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular