ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին ֆռռացնում է միջազգային հանրությանը, իսկ Հայաստանն իշխանություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շատերն են քննադատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լպիրշ վարքը, բայց ոչ երբեք գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վերջիններս դարձել Ալիևի խամաճիկը, հայ իրականություն են ներմուծում ադրբեջանական քարոզչական բոլոր թեզերը։ Իշխանության ներկայացուցիչները, որ նախկինում անզիջում դիրքերից էին հանդես գալիս, այսօր Ալիևի խոսափողն են դարձել։ Ինքը՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, ձեռքի հետ էլ կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը։
 
France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևն ուշագրավ մի քանի հայտարարություններ է արել։ Երբ լրագրողը Ալիևին պարզ մեղադրել է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ ունենալու մեջ, Ադրբեջանի նախագահը չքմեղացել է, ասել՝ իբր իր հայտարարություններում նման որևէ բառ չեն կարող գտնել։
 
«Մենք խոսում ենք պատմական արդարության մասին։ Իսկ պատմական արդարությունն այն է, որ 1920թ․ Խորհրդային կառավարությունը անջատել է պատմական Զանգեզուրը և տվել Հայաստանին։ Ամեն ազգ, նոր սերունդ պետք է հիշի իր հնագույն պատմությունը։ Երբ ասում եմ, որ պետք է գնանք հետ, նկատի ունեմ, որ պետք է գնանք ոչ տանկերով, այլ մեքենաներով, գնացքներով, ոտքով, երբ իրավիճակը կարգավորվի»,- ասել է Ալիևը։
 
Փոխարենը նա լկտիաբար հայտարարել է, թե այլևս բացառվում է Արցախում Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը:
 
«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միայն «անկախության» մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիևը։
 
Թե՛ այս, թե՛ Ալիևի ցանկացած այլ հայտարարություն, վստահ ենք, չեն արժանանալու Նիկոլ Փաշինյանի ուշադրությանը։ Նա զբաղված է ներքին ճակատում իր ընդդիմախոսների մոտ «պողպատե սուր» ճոճելով, Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի ճակատագիրը Փաշինյանին ու իր սպասարկուներին այլևս չեն հետաքրքրում, կամ էլ այնքանով, որքանով դա վերաբերում է իրենց իշխանության պահպանմանը։
 
Միքայել Պետրոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular