ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն Խ․ Սուքիասյանին 25 հարկանի շենք կառուցելու ապօրինի թույլտվություն է տվել (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր, հայտնի գործարար և Փաշինյանի իշխանության առանցքային հենարան Խաչատուր Սուքիասյանի համար «ծովը ծնկներից է»։ Իրեն պատկանող «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի կողքին բարձրահարկ՝ 25 հարկանի շենք է կառուցում, որը, ըստ մասնագետների, կառուցվում է ապօրինաբար, սահմանված կանոնակարգերի խախտումով։

Տեղեկությունը Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ մասնավոր զրույցում հաստատեց՝ հաստատելով, որ շենքը 25 հարկ է ունենալու։

Շենքի կառուցման ապօրինության մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանից։

«Գործակալության լուծարումից հետո Երեւանում սկսեցին ապօրինի շենքեր բարձրանալ։ Սուքիասյաններին պատկանող «Ռոսիա մոլ»-ի կողքին ապօրինաբար, նորմերի խախտումով նոր շենք է կառուցվում։ Այն ժամանակ գործակալությունը մերժեց, քանի որ տարածքը համարվում է պատմական միջավայր՝ 5-6 հարկանի շենքերով, եթե ավելի բարձրահարկ կառուցվի՝ կկորչի թաղամասի ճարտարապետական տեսքը։ Հիմա 25 հարկի համաձայնություն ունեն»,- ասաց Աբրոյանը։

Այս առնչությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ պատասխանել են, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պող. 16/4 և 16/12 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի առնչությամբ 2019թ. նախարարությունն իր իրավասությունների մասով առարկություն չի ունեցել: Պատասխան նամակը ներկայացնում ենք ստորև։

 

Արմեն Աբրոյանը շեշտում է՝ ապօրինի է, գործակալությունը չի տվել նման բարձրության շենքի կառուցման դրական եզրակացություն։

«Ցավոք, նախարարի տեղակալի եւ խորհրդականի ջանքերով գիտամեթոդական խորհուրդն է ինչ-որ անհասկանալի ձայներով որոշում կայացրել, ինչը եւս ապօրինի է, որովհետեւ գիտամեթոդական խորհուրդը չէր կարող պահպանական գոտիների տարածքում գոտու ռեժիմի փոփոխության որեւէ գործառույթ անել, դա փորձագիտական հանձնաժողովի գործառույթն է, որի ղեկավարը ես եմ եղել, եւ նման թույլտվություն մենք չենք տվել»,- ասաց գործակալության նախկին պետը։

Երեւանի կենտրոնի պատմական հուշարձանների պահպանմանն առնչվող պահպանական գոտիների պայմանակարգում, ասում է, թույլատրելի է առավելագույնը 6 հարկ բարձրության կառուցապատում։ «Մենք այս բարձրությունը մշտապես պահել ենք եւ թույլ չենք տվել։ 25 հարկանի նոր կառուցվող շենքի փողոցի դիմացի կողմում կառուցապատումը 4-5 հարկանի շենքեր են՝ տուֆե քարերով, մյուս կողմում՝ «Ռոսիա» կինոթատրոնն է, որը արժեւորվել է որպես պատմական հուշարձան։ Նման բարձրության կառուցապատումը մշակույթի, պատմական միջավայրի եւ մայրաքաղաքի համար անթույլատրելի է, եթե կա թույլտվություն, ապա դա չի եղել համապատասխան մարմինների՝ պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության կողմից»,- ընդգծեց Աբրոյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular