ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրպարտությունը քրեականացնող օրենքը հակասահմանադրական է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար: Կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը, նաև նշում, որ Հայաստանում ժողովրդավարական նորմերից հետընթաց կա: Այս թեմայով զրուցել ենք մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե այս կոչ-հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Հենվելով իմ սահմանափակ իրավաբանական գիտելիքների վրա՝ կարող եմ միայն համաձայնել, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունները հակասահմանադրական են և միայն ափսոսանք կարող եմ հայտնել, որ նախագահը չի օգտվել ՍԴ դիմելու իր իրավունքից, ինչպես արեց քաղաքացիական օրենսգրքում այն փոփոխությունների հետ կապված, որոնցով խստացվում էր պատասխանատվությունը զրպարտության և վիրավորանքի համար: Փաստորեն, մենք մեր ներքին ընթացակարգային հնարավորությունները՝ պաշտպանել Սահմանադրությունն այս հարցում, սպառել ենք, եթե իհարկե իշխանություններն իրենք չհասկանան, որ դա անընդունելի որոշում է և չուղղեն այս իրավիճակը: Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին մեր իշխանությունների որոշումների վրա, ապա դժվարանում եմ ասել՝ ինչպիսի արձագանք կլինի Freedom House-ի հայտարարությանը, որովհետև ի վերջո, դա հասարակական կազմակերպություն է, և ոչ միշտ են մեր կառավարությունը, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնությունը ուշադրություն դարձնում թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ՀԿ-ների կարծիքներին: Կարող է լինել որոշակի ազդեցություն, եթե նույն կարծիքը կիսեն նաև Եվրոպայի խորհուրդն ու ԵԱՀԿ-ն: Նրանք, բնականաբար, տեղեկացված են այս խնդրի մասին և հուսով ենք, որ կլինի նաև իրենց արձագանքը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular