ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստրասբուրգում ընդունված բանաձևը առաջին քայլն է, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ սկսվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի այս փաստաթուղթը քաղաքագետը ասել է․ «Նախ սա շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ ԵԽԽՎ-ն Եվրոպայում շատ ազդեցիկ կազմակերպություն է, ունի շատ մեծ քաղաքական ազդեցություն Եվրոպայի պետությունների կառավարությունների վրա։ Բացի դրանից, ԵԽԽՎ-ն նույնիսկ կարող է սանկցիաներ կիրառել։ Դուք հիշում եք դեպքը, երբ ռուսական պատվիրակությունը զրկվեց մանդատից, հետո հազիվ վերականգնեց։ Ուրեմն, սա շատ լուրջ ինստիտուտ է։ Պարզ է, որ այս բանաձևը շատ կարևոր է և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար հենց անվտանգային առումով»։

Անդրադառնալով այն հարցին, թե օրինակ, հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու համար, կարո՞ղ են սանկցիաներ կիրառվել Ադրբեջանի դեմ Ստեփան Գրիգորյանը պատասխանել է․ «Իրենք չեն կարող ուղղակի ստիպել, նույնիսկ Ստրասբուրգի եվրոպական դատարանը, եթե պետությունը չի կատարում որոշումը, ոչ մի լծակ չունի ստիպելու, քան սանկցիաներ կիրառելը։ Դրանից ուժեղ լծակ չկա։ Շատ անգամ սանկցիոն քաղաքականությունն ավելի էֆեկտիվ է, խելոքացնում է պետություններին, եթե չեն խելոքանում, որպես պետություն՝ ճգնաժամի մեջ են ընկնում։ Այս բանաձևը առաջին քայլն է, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ սկսվեն։ Իրոք, բանաձևում մեզ համար շատ ու շատ դրական ու օբյեկտիվ ձևակերպումներ կան՝ Ադրբեջանի հանցագործությունների դեմ ուղղված։ Այդ ձևակերպումներն այսօր վտանգ են հենց Ադրբեջանի համար։ Օրինակ՝ եթե այս բանաձևից հետո գերիներին չվերադարձնեն, ես կարծում եմ, սանկցիոն քաղաքականություն կսկսվի։ Ես հուսով եմ, որ հայկական կողմն աշխատանք տարել է այս բանաձևի ուղղությամբ, բայց այնտեղ կա զեկուցող, ով հայերից, ադրբեջանցիներից հավաքում է այդ ամբողջ ինֆորմացիան։ Գլխավոր զեկուցողը պատգամավոր է Իռլանդիայից, չեմ թաքցնում, շատ լավ է, որ հենց հյուսիսային երկրից է նա, մեզ դա ձեռնտու է, այսպես ասած, խավիարային քաղաքականությունը դժվար թե կիրառվի։ Բայց ես այնուամենայնիվ ուզում եմ երեք թերությունների մասին խոսել։ Առաջին կետում ասված չէ, թե ով սկսեց պատերազմը։ Դա անպայման պետք է շտկենք, ես մեր պատվիրակությանն առաջարկում եմ նախաձեռնել առանձին բանաձև՝ կապված հարցի հետ, թե ով սկսեց պատերազմը, ով է ագրեսորը։ Այնտեղ միշտ պահանջում են փաստեր, իսկ երեկվա իր ելույթով Ալիևը մեզ աջակցեց։ Ինքն ասաց՝ «մենք Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողությունը վերականգնելու համար գործադրեցինք ռազմա-քաղաքական մեթոդներ»։ Ուրեմն, Ալիևը պարզ ասաց, որ դա պատերազմ էր, որն սկսեց Ադրբեջանը։ Դա շատ կարևոր է, քանի որ կավելացնի հավանականությունը, որ սանկցիոն քաղաքականություն կիրառվի։ Երկրորդ խնդիրն այն է, որ բանաձևում հավասարության նշան դրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար օգնության ու օտարերկրյա լրագրողների՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն չտալու հարցում։ Այնտեղ գրված էր, որ կողմերն ամեն ինչ պետք է անեն, որ չխոչընդոտեն լրագրողների ու հումանիտար առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանը շահագրգռված է, որ և՛ հումանիտար բեռները, և՛ լրագրողները մտնեն Արցախ, բայց խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանը։ Եվ երրորդը, ինձ շատ մտահոգեց, որ ատելության խոսքի տարածման հարցում էլ հավասարության նշան կար կողմերի միջև»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular