ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում խժդժությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններն են կայանում։ Գործող իշխանությունը՝ միլիարդատեր Իվանիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, բավականին կորցրել է իր դիրքերը և վերջին տվյալների համաձայն՝ ունի 43% վստահություն։ Երեկ 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Վրաստան է վերադարձել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Վաղ առավոտյան նա տեսանյութեր էր տարածել, թե գտնվում է Բաթումիում և այնտեղ եկել է գլխավորելու ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Նա նաև Վրաստանի քաղաքացիներին կոչ էր արել, որ ձայն չտան «Վրացական երազանք» կուսակցության օգտին։ Վրաստանի իշխանությունները թեև սկզբից հայտարարում էին, թե Սահակաշվիլին ստում է և չի վերադարձել Վրաստան, երեկոյան արդեն ստիպված էին հայտարարել, որ ձերբակալել են Սահակաշվիլիին և նրա նոր ուկրաինուհի ընկերուհուն և տեղափոխել մեկուսարան։

Նախկին նախագահը, որը հրաշալի կապեր ունի, թե՛ Արևմուտքի, և թե՛ Թուրքիայի հետ, վերադարձել է Վրաստան, այդ երկրում պարզ ասած ապստամբություն բարձրացնելու և իշխանությունը խլելու համար։ 8 տարվա ընդմիջումից հետո սա առաջին անգամն է, երբ Սահակաշվիլին հայտնվում է Վրաստանում և անմիջապես ձերբակալվում։ Նրա դեմ մեկ տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցված և երկու սպանությունների գործերով հեռակա դատավճիռներ են կայացվել և այն, որ Սահակաշվիլիի նման գործիչը համարձակվում է վերադառնալ Վրաստան, վկայում է, որ նա ունի լուրջ աջակցություն դրսից և ներսից ու ամեն ինչ անելու է Վրաստանում իրավիճակը սրելու, ընդհուպ մինչև բախումներ հրահրելու համար։

Վրաստանում իրավիճակի սրումը լրջորեն անդրադառնալու է Հայաստանի վրա։ Իշխանության գալուց հետո Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ հակահայկական դիրքորոշումներով աչքի ընկել, թե՛ Ջավախքում իր հակահայ գործունեության ընթացքում, թե՛ նույնիսկ 2020թ. պատերազմի ժամանակ ադրբեջանամետ հայտարարություններով։ Սահակաշվիլին ապացուցել է, որ անձնապես խնդիր ունի Հայաստանի հետ և եթե նրան հաջողվի սրել իրավիճակը, կամ ինչն ավելի վատ է, խլել իշխանությունը գործող կառավարությունից, Հայաստանի Հանրապետությունը ծանրագույն խնդրի առաջ է կանգնելու։ Շրջապատված լինելով 44-օրյա պատերազմում լրջորեն վնաս հասցրած Ադրբեջանով և Թուրքիայով՝ ևս մեկ թշնամական պետության, իսկ այդպիսին կդառնա Վրաստանը, եթե իշխանության գա Սահակշվիլին, ներկայությամբ, Հայաստանին լուրջ խնդիրներ են սպասվում։

Վրաստանի գործող իշխանությունները՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ, կարողացել են բավականին հաջող համագործակցել Ռուսաստանի հետ և կտրել շատ կապեր Արևմուտքի հետ։ Եվ այժմ Արևմուտքի և Թուրքիայի նախաձեռնությամբ հստակ դավադրություն է իրականացվում Վրաստանում, այն կրկին ռուսական ծիրից դուրս բերելու և տարածաշրջանում հակառուսական մեծ խումբ ձևավորելու համար։ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն կարողանա միջամտել Վրաստանի ընտրություններին, մաքսիմում այնտեղ բնակվող հայերին կարող են կոչ անել, աջակցել գործող իշխանություններին։ Եվ այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններից հետո, վաղը արդեն պարզ կլինի, թե ինչ հարևան ենք մենք ստանալու։ Եթե հաղթի «Վրացական երազանք»-ը և հաջողվի Սահակաշվիլիին պահել բանտում, ապա հայ-վրացական հարաբերությունները ևս տևական ժամանակ կլինեն բավականին հաջող։ Հաշվի առնենք նաև, որ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է հայտարարել, որ ցանկանում է հայ-ադրբեջանական հարթակ ստեղծել, ջերմ հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործեղ իշխանությունների հետ, իսկ Սահակաշվիլին չի թաքցնում իր թշնամական վերաբերմուքը։

Վահե Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular