ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս քանդել բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձեռբակալեց նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։ Վերջինս, ինչպես նաև նախօրեին կալանավորված նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, մեղադրվում են անորակ և ժամկետանց հրթիռներ ներմուծելու և պաշտպանության նախարարության վրա դրանք ուռճացված գներով վաճառելու, 4,7 միլիոն դոլար պետությանը վնաս հասցնելու մեջ։ Ըստ էության, բոլոր վերլուծաբաններն են արձանագրում, որ այդ գործարքը չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և թույլտվության։ Սկանդալը ծագելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է մաքրել իրեն և անում է դա՝ քավության նոխազ փնտրելով։ Եվ առայժմ քննություն է ընթանում, որևէ մեկը չի կարող ասել, թե որքանով են մեղավոր նույն Տոնոյանը, Գալստյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ։ Սակայն հստակ է՝ որքան նրանք են մեղավոր, բոլորի չափով և մի բան էլ ավելի մեղավոր է Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն, այս գործողություններն իրականացվում են առաջին հերթին զինված ուժերի դեմ, հանրության մեջ տպավորություն ստեղծելու, թե պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում բարձրաստիճան զինվորականները և նախկին իշխանությունները քանդել և փշրել են բանակը, թալանել են հնարավոր ամեն կերպ, այսպես վնաս հասցնելով և թույլ չտալով, որ Հայաստանը չկարողանա լավ դիմադրել 44-օրյա պատերազմում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և հանրությանը համոզել, թե ինք առանձնապես մեղավոր չէ պատերազմում պարտության համար, և դա իրականացվել է թալանչիների մեղքով։ Նրա այս մարտավարությունը դատապարտված է ձախողման, որքան էլ իշխանությունը և նրա սպասարկողները փորձեն համոզել, որ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, ցանկացած ողջամիտ մարդ էլ գիտակցում է ՝ առանց վարչապետի իմացության որևէ գործարք, որևէ յուրացում և հափշտակում անհնար էր։ Առավել ուշագրավ էր, որ ընդդիմադիր մամուլը ևս նշում է այս մասին, արձանագրում, որ աներձագների և որոշ մտերիմների միջոցով Նիկոլ Փաշինյանին ևս գումարներ են տրամադրվել այս ամենից։ Եվ շատ ավելի արդար կիներ, եթե բարձրաստիճան զինվորականների ու նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելուց բացի, Նիկոլ Փաշինյանը մի քրեական գործ էլ ինքն իր դեմ հարուցեր և միջնորդեր դատարանին իրեն կալանավորելու։

Իրավիճակը չափազանց ողբերգական է։ Հայաստանի Հանրապետությունը փոխանակ զինվի, փոխանակ կրակվող և արդիական սպառազինություն գնի, մեծ, ահռելի գումարներ է ծախսել ժամկետանց, չկրակվող և անորակ հրթիռների վրա։ Նույնպիսի մի գործարք էլ ռուսական Սու 30 ինքնաթիռների գործարքն էր։ Առաջիկայում կարծում ենք նաև սա ստիպված կլինի իշխանությունը պարզաբանել, թե ինչպես եղավ, որ նախատեսված արդիական սպառազինությունը գնելու փոխարեն իշխանությունը գնեց ինքնաթիռներ, որոնք այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ժամանակ։

Արշալույս Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular