ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի տրամադրվածությունը բավական լուրջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-իրանական սահմանում տեղի ունեցող ադրբեջանաթուրքական դաշինքի գործողությունների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ Իրանագետի կարծիքով՝ հայ-իրանական սահմանը Իրանի համար չափազանց կարևոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ապահովում է Իրանի ելքը դեպի հյուսիս՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ աշխարհաքաղաքական մանևրի իմաստով:

«Եթե ադրբեջանաթուրքական դաշինքը ձգտում է այդ սահմանը կտրել, անկախ նրանից՝ դա կլինի փափո՞ւկ, թե՞ կոշտ ուժի կիրառմամբ, ապա դա խաթարելու է Իրանի անվտանգությունը: Մենք նաև իրանական լսարաններում ենք պնդել, որ արցախաիրանական սահմանի գոյությունը Իրանի համար այդ հատվածում տևական խաղաղության երաշխիք էր, և այժմ, երբ արցախաիրանական սահմանի մերձարաքսյան ողջ հատվածը բռնազավթված է ադրբեջանական օկուպանտների կողմից, Իրանի համար ստեղծվել են լրացուցիչ վտանգներ ոչ միայն այդ հատվածում, այլ նաև հաշվի առնելով թուրք-ադրբեջանական նկրտումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալի վերաբերյալ, ակնհայտ է, որ որոշակի ռիսկեր կան, որոնց իրանցիներն արձագանքում են բավականին կոշտ մեթոդաբանությամբ»:

Անդրադառնալով Իրանի կողմից անցկացվող զորավարժություններին՝ իրանագետն ասաց, որ այդ զորավարժությունները Իրանում գնահատում են՝ որպես վերջին տասնամյակների պատմության ամենամեծ զորաշարժ: Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ այդ զորաշարժը տեղի է ունենում ադրբեջանաիրանական և Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքում. «Դրանում ներգրավված են ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես՝ այն ստորաբաժանումները, որոնք մշտապես տեղակայված են սահմանակից նահանգներում, այլ նաև ներգրավված է իրանական բանակը: Իրանը իր ողջ ռազմական ուժով ներկա է այս զորավարժություններին: Դատելով իրանական կողմի վերլուծական շրջանակների պնդումներից՝ այդ զորքերի խոշոր հատվածն ամենևին չի հեռանալու, այսինքն՝ իրանական զինված ուժերը տեղակայվելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով: Սա ցույց է տալիս, որ Իրանի տրամադրվածությունը բավական լուրջ է: Եթե սրան գումարենք նաև քարոզչական պատերազմը, որը, թվում էր, թե լարման առաջին փուլից հետո պետք է նստի, բայց Բաքվի բռնապետի հայտարարությունը՝ ուղղված Իրանին, նպաստեց, որ երկրորդ փուլին ականատես լինենք, և հիմա այդ փուլն է ընթանում, ըստ էության, բերել է նրան, որ Իրանը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular