ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է ձևակերպի սեփական օրակարգը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել 3+3 ձևաչափի շուրջ: Ձևաչափում ընդգրկված կլինեն Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս նոր ձևաչափը, ու որքանո՞վ է այն օգտակար լինելու Հայաստանի համար քաղաքագետը պատասխանել է․ «Իրականում բարդ հարց եք տալիս, որովհետև, նախ՝ պետք է հասկանանք՝ ինչ ունենք ընդհանրապես ու ինչը զիջելու դիմաց, ինչ կարող ենք ստանալ, որովհետև, պայմանականորեն, եթե հրաժարվում ենք 3+3-ից, ապա ի՞նչ է լինում այդ պարագայում, ի՞նչ այլընտրանքների հնարավորություն ունենք, իսկ այդ մասին մենք այսօր տեղեկություն չունենք: Բնականաբար, Հայաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որքան էլ այն, ըստ էության, չաշխատեց, ինչում մեր մեղքի հսկայական բաժինը կար, փոխարինել այս նոր ձևաչափով, որում ներգրավված կլինեն նաև Թուրքիան ու Վրաստանը, որի ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանն է, չի կարող բխել մեր շահերից: Բայց նաև պետք է հասկանալ, թե ի՞նչ ունենք սրան այլընտրանք, որ կարողանանք ընտրել չարյաց փոքրագույնը, թեպետ բազմիցս ասել եմ, որ Հայաստանն ընտրելու հնարավորություն չունի: Ու այդ ձևաչափի մասին խոսելիս էլ կողմերն անուղղակի կերպով շեշտում են, որ Հայաստանի կարծիքն այդքան էլ կարևոր չէ, իրենք համաձայնության են եկել, ու ամեն բան նորմալ է: Հայաստանն այստեղ պետք է կարողանա ձևակերպել սեփական օրակարգը և փորձի սպասարկել դա»:

Հարցին, թե արդյո՞ք այս ձևաչափի ընդունումից հետո դադարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեությունը Սուրեն Պետրոսյանը ասել է․ «Այո՛, ըստ էության, կասեցվում է դա: Որքան էլ ակտիվացման փորձեր էին նկատվում, այնուամենայնիվ, այն կասեցված էր, որովհետև Մինսկի խումբը ձևավորված էր այն բանի համար, որպեսզի լուծումներ տար արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում, բայց այսօր այդ խնդիրն առավել ճգնաժամային փուլում է գտնվում, ու Մինսկի խումբը չունի որևէ տեսլական ու օրակարգ, ընդհակառակը՝ դիսկուրսից հանել են նաև «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և, փաստացի, հիմա հարցը, ըստ իրենց, դարձել է Ադրբեջան-Հայաստանի հարց: Իսկ Մինսկի խմբի ձևաչափը փոխարինել 3+3 ձևաչափով՝ բոլորովին կապ չունի արցախյան հիմնախնդրի հետ, այստեղ աշխարհաքաղաքական դերակատարների կամ ուժային կենտրոնների ազդեցության վերաբաշխման փորձ է տեղի ունենում տարածաշրջանում: Արցախի խնդրով որևէ մեկն այստեղ չի տառապում: Ավելին՝ որևիցե մեկը շահագրգռված չէ, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի: Այդ հիմնախնդիրը մոտ ժամանակներում, իմ պատկերացմամբ, չի լուծվելու, որովհետև դա ուղղակիորեն հակասում է գերտերությունների շահերին, որովհետև արցախյան հիմնախնդիրը մշտապես տարածաշրջանում կարևոր խաղաքարտ է՝ իրենց ազդեցությունը մեծացնելու, ամրապնդելու համար»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular