ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական իրական աճ դեռևս չունենք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի ներդրումների ցուցանիշները։ Ըստ վիճակագրության՝ զուտ ներհոսքի ու օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ կա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մյուս կողմից, ներդրումների գերակշիռ մասը դարձյալ հանքարդյունաբերության ոլորտ են ուղղվել։ Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է կատարվում այս դաշտում տնտեսագետը պատասխանել է․ «Այո՛, ըստ հրապարակված տվյալների, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի աճ է արձանագրվել մեր հանրապետությունում: Իրականում 2020 թվականին, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրվում էր ցածր տնտեսական ակտիվությամբ, այդ թվում՝ նաև ներդրումային ոլորտում: Ուստի, նախորդ տարվա նկատմամբ արձանագրված աճը դա դեռ ոչինչ չի կարող ասել այս պահին, և հետագա դինամիկայի բնույթը կարող է որոշակիություն մտցնել: Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ, ապա սա միանգամայն սպասելի էր, քանի որ նախևառաջ այդ ոլորտը մշտապես հանդիսացել է ներդրումների հիմնական թիրախը մեր հանրապետությունում։ Բացի այդ, ընթացիկ տարում, պայմանավորված հանքանյութերի գնի կտրուկ աճի հետ, այն դարձել է ավելի գրավիչ, հետևաբար այստեղ ոչ մի անսպասելի բան չկա: Իհարկե, մեզ համար շատ կարևոր է հատկապես վերամշակող արդյունաբերության ոլորտում ներդրումների աճը, ինչը կնպաստի տնտեսության մեջ հավելյալ արժեքի ձևավորմանը և վերջինիս աճին: Այս առումով պետք է նշել, որ ներդրումների երկարաժամկետ աճող հոսքերի ապահովումը մեծապես կախված է երկրի միջազգային վարկանիշից, ներդրումային միջավայրում առկա ռիսկերից, ներդրումային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտից: Իսկ այս ոլորտներում դեռևս առկա են բազմաթիվ անելիքներ»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ տնտեսությունը վերականգնվել է, քանի որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամիսերին կազմել է 4,9 տոկոս Կարեն Սարգսյանը պատասխանել է․ «Բնականաբար տնտեսությունը վերականգնվում է հետկովիդյան ճգնաժամից հետո, սակայն այլ հարց է, թե վերջինիս տեմպերը գոհացուցիչ են, թե ոչ: Տարվա կտրվածքով, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2021 թվականին Հայաստանում կարող է արձանագրվել 6.5 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն, միաժամանակ նշվում է նաև դեռևս առկա բարձր ռիսկերի մասին՝ կապված աշխարհաքաղաքական լարվածության պահպանման, արտաքին պահանջարկի հնարավոր կրճատման, ինչպես նաև ֆինանսական շուկաների խիստ տատանողականության հետ: Ըստ ԱՎԿ կողմից հրապարակված տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.9 տոկոս, սակայն արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով: Համեմատաբար բարձր աճ է արձանագրվել շինարարության և առևտրի ոլորտներում՝ համապատասխանաբար 7.3 և 7.1 տոկոս, ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 5.3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում, սպառողական գների ինդեքսը կազմել է 6.4 տոկոս, սեպտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա ժամանակահատվածում այն կազմել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական գների ինդեքսը՝ 9.8 տոկոս: Փաստացի, եթե դիտարկենք իրական աճը, ապա պետք է վերը նշված անվանական ցուցանիշները ճշգրտենք գնաճի ցուցիչով: Ինչպես տեսնում ենք, իրական աճ դեռևս չունենք: Սակայն, ըստ ամիսների արձանագրված դինամիկայի, կարող ենք ասել, որ տնտեսությունը, թեև դանդաղ, սակայն այնուամենայնիվ վերականգնվում է»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular