ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանը իրավունք չունի, անձնական նկատառումներից ելնելով, սպառնալիքի տակ դնել պետական գաղտնիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են այն բանի համար, որը նա չի կատարել: Պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան այս գործից և արդյոք հայտարարության մեջ սպառնալիքներ կային իրավապաշտպանը պատասխանել է․ «Ճիշտն ասած, ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ սրանք հերթական կիսատ մնացող կամ երկար ձգձգվող գործերի նման գործեր են լինելու, որոնց վերջակետը, ցավոք, կարող ենք չտեսնել, բայց ինչ էլ լինի, քրեական գործ է հարուցված, և կարծիք հայտնելը մի քիչ բարդ է, քանի որ բոլորովին տեղեկացված չեմ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա այն, որ ասում են, թե տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, բնական է, եղել է պաշտպանության նախարար և, իհարկե, պետք է ունենա տեղեկություններ։ Այդ տեղեկությունները նա ստացել է ի պաշտոնե, և բնական է, որ իրավունք չունի ո՛չ դրանցով մարդկանց շանտաժի ենթարկելու, և ո՛չ էլ դրանք հրապարակելու, եթե չլինի համապատասխան թույլտվություն։ Նա ղեկավարել է այնպիսի կառույց, որի գործունեությունն ամբողջությամբ գաղտնի է։ Եվ ելնելով անձնական նկատառումներից՝ սպառնալիքի տակ դնել այդ գաղտնիությունը, իհարկե, դրա իրավունքը չունի։ Եվ եթե Դավիթ Տոնոյանը չի խոսում, դա հերոսություն չէ, դա նրա՝ որպես նախկին պաշտպանության նախարարի պարտավորությունն է։ Այնպես որ, այդ հայտարարության տեքստը գրելիս պետք է մտածեին, որ նա՝ որպես նախարար, պարտավոր է առաջնորդվել հենց պետական շահով, իհարկե, պետք է նաև իրեն պաշտպանել կարողանա, բայց ոչ սպառնալիքներ հնչեցնելով, այլ օրենքի շրջանակներում»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ուղերձ ունի այս հայտարարությունը և արդյոք այն ուղված է Նիկոլ Փաշինյանին իրավապաշտպանը պատասխանել է․ «Նրանց, ում ուղղված են այսպես կոչված մեսիջները, նրանք թող մտածեն, թե ինչ նամակներ են ուղարկում հեռուներից։ Մարդը պաշտպանության իրավունք ունի, փաստաբաններն իրավունք ունեն օրենքի շրջանակներում ցանկացած գործողություն կատարելու իրենց պաշտպանյալի նկատմամբ։ Ընդամենը կցանկանայի, որ և՛ այս կողմից, և՛ այն կողմից հասկանային, որ քրեական գործ է ընթանում, և այդ շրջանակներում պետք է լինեն, և դրանից դուրս որևէ բան անթույլատրելի է և անօրինական, դա կլինի սպառնալիք կամ շանտաժ, կամ գաղտնի տեղեկությունների հրապարակում, կամ կլինի ճնշում նախաքննական մարմնի վրա և այլն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular