ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք խնդիր ունենք քաղաքացիական խիազախության, քաղաքացիական դիրքորոշման պարզ ու ազնիվ արտահայտելու հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարելի է սպասել այդ գործընթացից իրավապաշտպանը ասել է․ «Իմ ակնկալիքները շատ համեստ են։ Ես խնդիրը տեսնում եմ ոչ թե նրանում, թե ինչպես կավարտվի այս գործը, այլ ինչքան կհերիքի այս դիմադրության պոտենցիալը։ Ես մեր դատական ու իրավաբանների կազմը շատ լավ ճանաչում եմ, բայց այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, քան զուտ մեկ առանձին գործընթաց։ Ինչո՞ւ են համեստ իմ ակնկալիքները։ Այստեղ խոսքը ոչ թե իրավաբանական գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի, այլ քաղաքացիական խիզախության մասին է։ Իսկ դրա դեֆիցիտը ես միշտ ընդգծել եմ Հայաստանում։ Մենք խնդիր ունենք քաղաքացիական խիազախության, քաղաքացիական դիրքորոշման պարզ ու ազնիվ արտահայտելու հետ։ Եվ միայն մեր երկրում չէ այս աղբը, բայց մեր երկրում շատ է։ Այսօր շատ քիչ մարդիկ են, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումը՝ չվախենալով։ Մեր ինտելեկտուալ վերնախավի, ակադեմիական շրջանակների պասիվությունն այսօր հավասարազոր է հանցագործ անտարբերության։ Ես միշտ իմ հարգանքը արտահայտել եմ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նկատմամբ, նա պրոֆեսիոնալ է։ Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ ինքը միջազգային դատարանում ներկայացնում է պետությունը, այստեղ շատ կարևոր է, թե որն է պետության ռազմավարությունն ու քաղաքականությունը։ Եվ այստեղ է, որ կարող է առաջին խոչընդոտը լինել, ինքը չի կարող գործել իշխանության դիրքորոշումից անկախ։ Այսինքն՝ մենք մինչև ո՞ւր կգնանք։ Երկրորդ խոչընդոտը՝ մենք այս տարիների ընթացքում թույլ ենք տվել, որ աշխարհով մեկ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Արցախի հիմնահարցի, Ադրբեջանի դերակատարության մասով ամբողջովին խեղաթյուրված պատկեր լինի։ Ես տարիներ շարունակ ասել եմ՝ չկա տարածաշրջանում Արցախի հարց, կա Ադրբեջանի հարց։ Ադրբեջանն է տարածաշրջանում ներկայացնում անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Տարիներ շարունակ մենք պասիվ գործելաոճ ենք ունեցել աշխարհում։ Այլ խոչընդոտներ չկան, պրոֆեսիոնալիզմի վրա ես չեմ կասկածում, այդ փաթեթը կազմվել է բարձր մակարդակով, նաև ՄԻՊ Արման Թաթոյանի և իր աշխատակազմի կողմից արված փաստահավաք աշխատանքն է ներառված։ Երբ ասում եմ՝ սպասելիքներս համեստ են, նկատի ունեմ, որ ՄԱԿ-ի դատարանում մեր պահանջն այդքան կոշտ չէ։ Մենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ ենք դրել, լինի գերիների, թե այլ հարց։ Եվ չի բացառվում, որ կընդունվի միջազգային իրավունքին համապատասխան որոշում։ Այստեղ մեր խնդիրը բոլորովին այլ է լինելու՝ դրա կատարումն ինչպե՞ս է ապահովվելու այն դեպքում, երբ խոսքը Ադրբեջանի պես պետության մասին է։ Իլհամ Ալիևը մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում, հենց ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ հիմա միջազգային իրավունքը չի գործում։ Նա ոչ թե խախտում է միջազգային իրավունքը, նա հակադրվում է դրան, ասում է՝ դա արդեն չի աշխատում։ Եվ դրա համար Ալիևն այսօր լկտիաբար ասում է՝ «մենք հարցը լուծել ենք ուժով» և համարում է, որ ինքը ճիշտ է։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա հանցագործություն է։ Իսկ Ալիևին թույլ են տալիս դրանով պարծենալ, իրեն տրամադրում են հարթակներ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular