ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական կողմը կոչ է անում Բաքվի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի և սեփական անձի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեկ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանին և Հայաստանին ուղղված մեղադրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»: Հիշեցնենք՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին Իլհամ Ալիևն առանց փաստարկներ բերելու հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել է դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար: Այս հայտարարություններին հակադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի հետ միասին արդյունավետորեն պայքարում է նարկոթրաֆիքինգի չարիքի դեմ։ Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Անդրադառնալով իրանական արձագանքներին` իրանագետը ասել է. «Պաշտոնական մակարդակում արձագանքեց ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էության, կոչեր էին անում Բաքվի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի և սեփական անձի մասին», քանի որ Ալիևն ու Ալիևի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատվում: Եթե խոսենք քարոզչական և լրատվական մակարդակներում տեղ գտած արձագանքներին, ապա իրանական ԶԼՄ-ներում, որոնք կապակցված են և՛ պետական, և՛ ռազմական կառույցների հետ, բավականին լուրջ հրապարակումներ եղան, որտեղ և՛ Իլհամ Ալիևի ընտանիքի վերաբերյալ բացահայտումներ ներկայացվեցին, և նաև՝ Բաքվի պետական ավիաուղիների կողմից միջազգային զենքի առևտրում ներգրավված լինելու փաստեր, ահաբեկչական կառույցներին ապօրինի զենք մատակարարելու փաստեր: Հասարակական արձագանքները ևս բացասական էին. սոցիալական տիրույթում՝ հատկապես թվիթերում և թելեգրամում, բավականին շատ էին հակաադրբեջանական տրամադրությունները՝ նաև այն կոնտեքստից ելնելով, որ Ադրբեջանը, լինելով Իրանին հարևան և բավականին փոքր պետություն, հանդգնում է իրեն թույլ տալ նման հայտարարություններ Իրանի նկատմամբ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular