ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետն այսուհետ չի կարող այն համայնքների անունից խոսել, որտեղ ինքը պարտվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիրակի հանրապետության տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, և, մասնավորապես, կարևոր քաղաքներում՝ Գորիսում, Մեղրիում և Գյումրիում, իշխանությունը պարտվել է: Այս թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
 
Հարցին, թե ինչ պատկեր է ստեղծվել քաղտեխնոլոգը պատասխանել է. «Նախ՝ եկեք վերլուծենք նախընտրական քարոզարշավի շրջանը, երբ իշխանությունները, մարզերում չունենալով ազդեցիկ գործիչներ, սկսեցին «պարտիզանական» մեթոդաբանություն իրականացնել՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտին նշանակում էր իր թիմի ներկայացուցչին, որը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձում էր հաջողություն ունենալ: Դա աշխատեց փոքր համայնքներում, բայց խոշորներում այդ մեթոդն արդյունք չտվեց, օրինակ՝ Մեղրիում: Գյումրիում, որտեղ իշխող քաղաքական թիմը մեծ ռեսուրսներ էր դրել, ագիտացիոն մեծ աշխատանք էր կատարում, այնտեղ պարտվեց: Գյումրու արդյունքները շատ հետաքրքիր են. ավագանու անդամ ընտրված քաղաքական ուժերի ու չընտրված քաղաքական ուժերի ստացած ձայների ընդհանուր թիվը ցույց է տալիս, որ վարչապետն այսուհետև չի կարող Գյումրու անունից խոսել, որովհետև ինքը Գյումրիում պարտվել է: Գորիսում նույն արդյունքն է, բայց այլ իրավիճակ. այստեղ ընդդիմադիր ուժը անհավասար պայմաններում էր իշխող ուժի հետ, որովհետև ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքի ղեկավարն անազատության մեջ է: Բացի այդ, այնտեղ ոստիկանական ռեսուրսն էր աշխատում: Ստացվում է՝ «Հայաստան» դաշինքը Գորիսում հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչ վերաբերում է Մեղրիին, այստեղ նույնպես ոչ իշխանական «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն է հաղթել: Իհարկե, այդ կուսակցությունը սերտ կապեր ունի իշխող քաղաքական ուժի հետ, բայց եթե դիտարկում ենք, դե յուրե նա ընդդիմություն էր և իշխանության հետ կոալիցիա չէր կազմում: Այո՛, այս երեք քաղաքներում իշխող քաղաքական թիմը պարտվել է ազդեցիկ գործիչներին: Միակ տեղը, որտեղ հաջողության է հասել, Դիլիջան քաղաքն է, բայց այնտեղ էլ ընդդիմությունն ակտիվություն չի ցուցաբերել: Թե՛ իշխող քաղաքական թիմը, թե՛ ընդդիմադիր հիմնական ու ոչ հիմնական ուժերը մարզերում լուրջ անելիք ունեն՝ հետևություններ անելու, ամուր քաղաքական կառույցներ ստեղծելու և ազդեցիկ քաղաքական գործիչներ աճեցնելու գործում»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular