ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթության որակը փոխելու համար ավելի գլոբալ փոփոխություններ պետք է արվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, գործադիրի նիստում հիմնական քննարկման թեման ուսուցիչների կամավոր ատեստավորումն էր, որը ներկայացվեց որպես աննախադեպ բարեփոխում: Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Հարցին, թե որո՞նք են այս գործընթացի դրական ու բացասական կողմերը փորձագետը պատասխանել է․ «Դրականն այն է, որ ուսուցիչների որոշ մասը հավելավճարի հնարավորություն է ստանում, այսինքն՝ դա զուտ առանձին մասնագետների համար լրացուցիչ եկամուտ է, ավելին վաստակելու հնարավորություն, այդքանով լավ է: Մտածել, որ այս քայլով կրթական համակարգում էական բաներ կփոխվեն, իհարկե սխալ է, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն ներդրումները, որ կատարվում են այս կարգի ծրագրերում, համակարգային արդյունքի չեն բերում, ընդամենը ուսուցիչների մի մասը մի փոքր ավելի է վճարվում, բայց կրթության որակն ընդհանուր չի փոխվում: Կրթության որակը փոխելու համար ավելի գլոբալ փոփոխություններ պետք է արվեն»:

Հարցին, թե ընդհանուր գործընթացն փորձագետն ինչպե՞ս է գնահատում՝ հաշվի առնելով մասնակիցների թվաքանակը, առանձին առարկաներից գրանցված շատ ցածր ցուցանիշները Սերոբ Խաչատրյանը պատասխանել է․ «Ատեստավորան արդյունքները շատ մտահոգիչ են: Նախարարությունը պլանավորել էր, որ ավելի քան 2000 ուսուցիչ կմասնակցի, բայց փաստացի դիմել են 1300-ը, այն էլ՝ երկու փուլով անցկացնելու պայմանով: Ստացվում է, որ 37000 ուսուցչից 900-ն են մասնակցել, ինչը շատ ցածր ցուցանիշ է»:

Անդրադառնալով հարցին, թե որն է այս ցածր ցուցանիշի պատճառը Սերոբ Խաչատրյանը ասաց․ «Առաջինն այն է, որ ուսուցիչների համար շատ բան անհասկանալի էր: Նրանց համար այդպես էլ հստակ չեղավ՝ իրենց ի՞նչ են հարցնելու, շտեմարան չկար, առաջադրանքների մոտավոր պատկերացում էլ չկար: Մի պատճառն այս անորոշությունն էր, մյուսը՝ ենթադրում եմ, որ գուցե որոշ ուսուցիչներ համարում էին, որ սա ավելի վիրավորական ձև է, այսինքն՝ եկեք քննություն տվեք, որ ձեզ ավելին վճարենք: Մի մասն էլ այս պատճառով չմասնակցեց: Ամեն դեպքում 900 ուսուցիչ մասնակցեց, բայց մոտավորոպես 53%-ը չի հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը, իսկ սա այն դեպքում, երբ նախարարությունը շեմը փոխեց, այսինքն՝ 80%-ից բարձր պետք է ստանային, իսկ հիմա իջեցրել են 70%-ի: Ենթադրվում էր, որ այդ 900 ուսուցիչը Հայաստանի լավագույններն էին, ու ակնկալվում էր բարձր արդյունք: Խնդիր է նաև այն, որ առարկաների միջև ցուցանիշները շատ տարբեր էին, օրինակ՝ քիմիայի դեպքում՝ 11%-ն է հաղթահարել անցողիկ շեմը, իսկ մաթեմատիկայի դեպքում՝ 86%-ը: Ընդամենը երկու առարկա՝ մաթեմատիկան ու ֆիզիկան է, որ 50%-ից բարձր է, մյուս առարկաների գծով կեսից շատը չեն հաղթահարել 70%-ի շեմը: Հնարավոր է՝ թեստերը համարժեք չեն եղել, դա հստակ կասեն առարկայի մասնագետները, իսկ երկրորդ պատճառը՝ կարծում եմ, որ բարձր ստացան այն ուսուցիչները, որոնք կրկնուսույցներ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular