ՌԴ նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման մասին, ասել է, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
Հարցին, թե Պուտինի այս խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա այդ գործընթացից դուրս է թողնում տարածաշրջանային, և ոչ միայն, խաղացողներին քաղաքագետը պատասխանել է․ «Բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունը, որն ունի մի քանի հասցեատեր: Առաջին հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց հասկացնում է, որ առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվելու, և իզուր են այլ դաշնակիցներ փնտրում, ընդ որում՝ դա հավասարապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Վերջինս հույս ունի Թուրքիայի օգնությամբ նոր սահմաններ գծել ուժով կամ այլ կերպ: Հայաստանն էլ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ցույց տալիս միջազգայնացնելու Արցախի ու սահմանային խնդիրները: Հայտարարության մյուս հասցեատերը արտաքին աշխարհն է՝ ի դեմս Արևմուտքի: Կարծում եմ՝ Պուտինի այս խոստովանությունը կամ հայտարարությունը պետք է դիտարկել Մարիա Զախարովայի՝ 3+3 ձևաչափ ձևաչափի վերաբերյալ հայտարարության հետ համատեղ, որում պաշտոնական Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին՝ 3+3 ձևաչափի գործունեությունը թույլ չտալու մեջ, ինչի համար, Պուտինը, կարծես թե, ուղերձ է հղում դրսին, որ սահմանազատման գործընթացում Արևմուտքը ոչ մի կերպ պահանջված չէ ու չի կարողանա առանց իրեն դա անել: Ակնհայտորեն Ռուսաստանը թողնում է, որ կողմերն ավելի խոր փակուղու մեջ հայտնվեն ու ստիպված լինեն դիմել իրեն»:
Անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահը նաև նշել է, որ այդ քարտեզներում կան բաներ, որոնք փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, փոխանակել, արդյոք Պուտինն անկլավներն է ակնարկում քաղաքագետը ասել է․ «Այո՛, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է անկլավներին: Ըստ էության, նա խոսում է, որ կողմերը կարող են նաև պայմանավորվել փոխանակումների շուրջ՝ հրաժարվելով միմյանց տարածքում ունեցած անկլավներից, հանուն նոր սահմանագծերի»:
Սոնա Գիշյան