ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի տնտեսության վիճակը լավացնելն է, այլ՝ վերացնելը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն օրերս Մոսկվայում հերթական՝ 8-րդ աշխատանքային քննարկումն են անցկացրել, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նվիրված էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ Այս հանդիպումից մեկ օր առաջ էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապաշրջափակման գործընթացում քայլ առաջ են անցել հատկապես երկաթուղու հնարավոր շահագործման հարցում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ մի առիթով ասել էր, թե ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոսի աճի հիմք կարող է դառնալ, հայկական ապրանքներն էլ Թուրքիայում սպառվելու հեռանկար կարող են ունենալ: Այս թեմայով զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Պատգամավորն, անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հարցին, ասաց. «Իսկ հարց չի՞ առաջանում, թե այդ ո՞ր մի գործարարն է իր բեռներն այդ երկաթգծով տեղափոխելու։ Այդ ո՞ր մի գործարարն է իր միլիոնավոր դոլարների բեռները տեղափոխելու Ադրբեջանի տարածքով, կամ ո՞վ է կատարելու ներդրում այդ ենթակառուցվածքների կառուցման համար։ Պատասխանն ակնհայտ է՝ բնականաբար, Թուրքիան և Ադրբեջանը, իսկ դրա արդյունքում ստացվելու է՝ ով վճարում է, նա էլ երգը պատվիրում է։ Այո՛, ապաշրջափակումը լավ բան է, աշխարհը գնում է ինտեգրման և ազատականացման, բայց այս իշխանությունը հիմա դիմում է մանիպուլյացիաների, որովհետև մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք մեզ դեռ երեկ սպանում էին մեր տարածքներում, մեր գերիներին չեն վերադարձրել ու մեր տարածքներ են ներխուժում անգամ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո։ Ես վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողից Հայաստանը պարտադրանքի տակ է՝ այս ապաշրջափակման գործընթացին հասնելու համար, որովհետև հիմա նրանք ցանկանում են տնտեսական դոմինանտության հասնել և տարածքներ նվաճել արդեն տնտեսական մեթոդներով»։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը` Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց մի պարզ վիճակագրություն․ «2010-2019 թվականների 10 տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 13 միլիոն դոլարի ապրանք է գնացել Թուրքիա, իսկ 2.6 միլիարդ դոլարի ներմուծել ենք այդ երկրից։ Մեր արտահանման ծավալներոմ Թուրքիայի մասնաբաժինն ընդամենը կազմում է 0,1 տոկոս։ Ադրբեջանում ջերմոցային արտադրանքը շատ ցածր գին ունի, որովհետև պետության սուբսիդայից բացի, Ադրբեջանը գազ ունի, որը շատ էժանով է տալիս տնտեսվարողներին, ուստի ապրանքն էլ շատ էժան է։ Հիմա հարց՝ արդյո՞ք երբևէ կկարողանա՞ Հայաստանը մրցակցել նրանց հետ այս հարցում, կամ առհասարակ այդ ո՞ր մի հարցում կարող են մրցակցել, հետևաբար, արձանագրում ենք, որ այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհների բացման է գնում բացառապես նավթադոլարներ բերելու հույսով, որովհետև իրենց խնդիրն իրենց իշխանությունը ժամանակավոր պահելն է»։

Անդրադառնալով Վահան Քերոբյանի ներդրումների մասին հայտարարությանը և օտարերկրա ներդրումների վիճակագրությանը՝ տնտեսագետը ասաց․ «Այս իշխանությունն օտարերկրյա ներդրումների ծավալը նման գործողություններով փոխարինում է թուրքական և ադրբեջանական ներդրումներով: Հայաստանի տնտեսությունը փողախեղդ են անում թուրքական և ադրբեջանական ներդրումներով։ Ադրբեջանը տարեկան 18 միլիարդ դոլարի նավթ ու գազ է արտահանում և մեկ տարվա իր զուտ արտահանումն այնքան է, որքան մեր օտարերկրյա ուղղակի ներդրումները մի քանի տարվա կտրվածքով, հետևաբար՝ Ադրբեջանի մեկ տարվա ներդրումները բավարար են լինելու, որ մեր գործարարները դառնան թուրքական ծագում ունեցող, իսկ այդ դեպքում Հայաստանի ամբողջ տնտեսական համակարգը պարալիզացվելու է։ Մենք չենք ունենալու արտահանում և դառնալու ենք ներմուծող կցորդ երկիրը։ Տարին վերջանում է, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը 85 միլիոն դոլար է. բա 85 միլիոնն ուր, տնտեսության պատասխանատուի ասած միլիարդավոր դոլարների ներդրումներն ուր։ Թուրքական դեմպինգով Հայաստանի տնտեսությունը վերացնում են, բա այդ դեպքում մենք ի՞նչ ենք արտահանելու։ Մեր տնտեսությունը հյուծված է։ Սրան զուգահեռ՝ կա Թուրքիա և Ադրբեջան, որոնց նպատակը ոչ թե Հայաստանի տնտեսության վիճակը լավացնելն է, այլ՝ վերացնելը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular