ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը բոլոր երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 18-ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ Եվրամիությունը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Համապատասխան կոչով այսօր հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունը հայտարարում է, որ չի ճանաչում եւ շարունակում է դատապարտել Ղրիմի անօրինական անեքսիան եւ հավատարիմ է Ուկրաինայի տարածքային մաբողջականության պահպանմանը: Եվրամիությունը շարունակելու է հավատարիմ մնալ չճանաչման իր քաղաքականությանը, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման միջոցով: Եվրամիությունը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է անում չճանաչման համանման քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68/262 բանաձեւին համապատասխան»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Կարելի է համարել, որ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության կոչի հասցեատերերից մեկը Հայաստանն է: Մի կողմ թողնելով, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկն է՝ հարկ է նշել, որ Հայաստանը այն 11 երկրներից մեկն է, որը դեմ է քվեարկել Մոգերինիի մատնանշած բանաձեւին: 2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված այդ բանաձեւով աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Բացի այդ, կազմակերպության անդամ բոլոր երկրներին ու կազմակերպություններին կոչ է արվում հրաժարվել կամ ձեռնպահ մնալ Ուկրաինայի տարածքային մաբողջականության ամբողջական կամ մասնակի խախտումից եւ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ընկալվել իբրեւ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի փոփոխմանը միտված հանրաքվեի արդյունքների ճանաչում:

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 100-ը կողմ են քվեարկել բանաձեւին, 58 երկիր ձեռնպահ են մնացել, եւ միայն 11 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Գվատեմալան, Սիրիան եւ Սուդանը դեմ էին քվեարկել փաստաթղթին:

Ընդ որում, Հայաստանը այն եզակի երկրներից է, որը ոչ միայն դեմ է քվեարկել վերը ներկայացված բանաձեւին, այլեւ ամենաբարձր մակարդակով փաստացի ճանաչել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման պաշտոնական արարողության հաջորդ օրը՝ 2014 թվականի մարտի 19-ին, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ մարտի 16-ի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular