ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կփորձի ամբողջական լոքդաունի չգնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում համավարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ. հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 45 քաղաքացի: Առողջապահության նախարարությունն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը, իսկ բուհերում անցնել հեռավար ուսուցման: Մասնակի լոքդաունի այս առաջարկն ընդունվել է: Ի դեպ, նախարարությունից վստահեցնում են, որ շուտով տարբեր ոլորտներին վերաբերող խստացումներ ևս կլինեն:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Փարսյանի հետ։ Անդրադառնալով ուսումնական հաստատություններին վերաբերող որոշմանը՝ տնտեսագետը ասաց․  «Սա, ըստ էության, լոքդաունի փուլերից մեկն է»։

Նրա կարծիքով՝ նոր առաջարկներ կլինեն նաև ռիսկային խմբերում գտնվող մարդկանց վերաբերյալ. «Ռիսկային խմբի՝ 60 տարեկանից բարձր կամ խրոնիկ հիվանդություն ունեցողների առնչությամբ վտանգը շարունակում է մնալ բարձր: Կառավարությունը, կարծում եմ, նաև դրան է անդրադառնալու, և այդ խմբերի քաղաքացիներին պարտադրվելու է հեռավար աշխատանք կամ այլ մոտեցում»:

Թե ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենան նման սահմանափակումները՝ մեր հարցին ի պատասխան՝ տնտեսագետը մանրամասնեց. «Այս սահմանափակումներն իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության վրա. ուսանողը, որն օգտվում է տրանսպորտից, այլ ծառայություններից, գումար է ծախսում, և որոշակի տնտեսական ակտիվություն է գրանցվում: Այսինքն՝ մեր տնտեսության աճը, որը կրճատվել է սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ, այս ցուցանիշների պահպանման պարագայում՝ կշարունակվի նաև հոկտեմբերին: 2021 թվականը մենք չենք կարողանալու փակել կառավարության նախատեսած 6.5 տոկոս տնտեսական աճով, իսկ այս 4.4 տոկոսը, որն ունենք 9 ամիսների հաշվարկով, հնարավոր է՝ էլ ավելի նվազի, եթե լոքդաունն ավելի խստացվի՝ օրինակ, ռեստորանները, զվարճանքի կետերը, տոնավաճառները փակվեն, տրանսպորտային սահմանափակումներ լինեն, որոշ ոլորտներ դադարեցնեն իրենց գործունեությունը, և այլն: Կառավարությունը կփորձի ամբողջական լոքդաունի չգնալ՝ հնարավորինս խուսափելով տնտեսական մեծ վնասներից, բայց դա, բնականաբար, ունենալու է իր բացասական հետևանքները կորոնավիրուսի տարածման վրա: Այդ շղթայում լուրջ փոփոխություններ չեն լինելու՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում դեռևս ցածր է պատվաստվածների թիվը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular