ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացրած խաղաղությունն ուղղակի հայկական պետականության ավարտն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև իշխանությունները պնդում են, որ նոյեմբերի 9-ին որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ռուսական աղբյուրներում արդեն կան տեղեկություններ նման հանդիպման մասին: Դրան զուգահեռ իշխանությունները շարունակում են խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցով իրենք խորհրդակցում են Ադրբեջանի հետ: Այս թեմայով զրուցել ենք 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե Ադրբեջանում ինչպիսի տրամադրություններ են և ինչ սպասումներ ունեն ադրբեջանագետը ասել է․ «Որքան էլ տարօրինակ է հնչում, Ադրբեջանում այս թեմայով հանրային քննարկումները ծավալվում են Հայաստանում ծավալվող հանրային քննարկումների հիման վրա: Ադրբեջանական քարոզչական լրատվականներում հրապարակվող նյութերի մեծ մասը կազմվում է ՀՀ իշխանության և ընդդիմության ելույթների և հրապարակումների հիման վրա: Ալիևյան քարոզչամեքենան գերազանցապես թմբկահարում է թուրք-ադրբեջանական համագործակցությունը, ինչպես նաև իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված «միջանցքի» թեման»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին՝ Տաթևիկ Հայրապետյանը ասաց․ «Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հստակ նպատակ է դրել տարածաշրջանում հարցերը լուծել միասնաբար՝ հիմքում ունենալով էթնիկ՝ թյուրքական գործոնը: Նրանք դա արտահայտում են թե՛ իրենց ելույթներում, և թե՛ գործողություններում: Թուրքիան բաց և հրապարակային կերպով նախապայման է դրել Հայաստանի առաջ, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեսքով, ինչը ենթադրում է հրաժարում Արցախից և ոչ միայն դա: Այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան են պատկերացնում «խաղաղություն» ասվածի տակ, ուղղակի հայկական պետականության ավարտի մասին առաջարկ է: Հայկական կողմի հրապարակային հայտարարություններից ելնելով՝ դա ընդունելի չէ: Այդուհանդերձ, շարունակ խոսվում է «դրական ազդակների» մասին: Վերջերս էլ Չավուշօղլուն ակնարկեց, որ կան «դրական ազդակներ» պաշտոնական Երևանից: Չեմ բացառում, որ դա կարող է ասվել նաև հայաստանյան հանրային շրջանակներում լարվածության մեծացման համար: Բայց հավանական է, որ կա գաղտնի և փակ գործընթաց, որից հանրությունը տեղյակ չէ: Դրա համար էլ «դրական ազդակները» անհասկանալի են թե՛ հանրության լայն շերտերի, և թե՛ վերլուծական շրջանակների համար»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular