ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի տնտեսությունը լրջագույն ցնցումներ է ապրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հռոմում անցկացվող մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։ Ի թիվս այլ հարցերի, նախագահները խոսել են նաև Հարավային Կովկասում տարվող դիվանագիտական ջանքերի մասին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ Թուրքիան մեր տարածաշրջանում արդեն դերակատար է դարձել և առհասարակ ինչպես կգնահատեք հանդիպումը քաղաքագետը ասել է․ «Տարբեր ամերիկացի դիվանագետներ, որոնք մասնակցություն են ունեցել անցնող երկու տասնամյակի քաղաքական գործընթացներին, արձանագրում են, որ Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում շատ ավելի վաղ արձանագրված փաստ է, այլ խնդիր է, թե ինչ ռեժիմով է դրսևորվել։ Հիմա տեսնում ենք, որ Թուրքիան ավելի ուղիղ ներկայություն ունի Կովկասում, ինչի հետևանքն էր նաև 44-օրյա պատերազմը, մյուս կողմից նաև այս պատերազմի՝ մեզ համար՝ հետևանքով, իսկ Թուրքիայի համար՝ արդյունքում, Թուրքիան ավելի ամրագրվեց Կովկասում՝ որպես անմիջական դերակատար ու խաղացող։ Այս տեսանկյունից գործ ունենք դերակատարման ռեժիմի փոփոխության հետ։ Ինչ վերաբերում է Բայդեն-Էրդողան հանդիպմանը, գնահատելու համար տեղեկատվությունը բավական սուղ է։ Անշուշտ հանդիպումն ուղղված է մի կողմից ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ քննարկելուն, որոնք իհարկե կան, մյուս կողմից՝ այն հարցերը, որոնք տարակարծության տեղիք են տալիս։ Կարծում եմ, ԱՄՆ-ի համար սկզբունքային խնդիր է Թուրքիան, հատկապես էրդողանյան այդ հավակնոտ ու ինքնուրույն խաղալու ձգտում ունեցող Թուրքիան, առավելագույնս Նահանգների ռազմավարության ուղեծրում պահելու հնարավորությունը, այսինքն՝ Նահանգները դիտարկում է այն հնարավոր տարբերակները, ազդեցության միջոցները, որպեսզի թույլ չտա Թուրքիային ամբողջապես դուրս գալ իր ռազմավարական վերահսկողության տիրույթից»։

Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-ն ունի՞ Թուրքիային վերահսկողության տակ պահելու հնարավորություններ Հակոբ Բադալյանը ասաց․ «Իհարկե, ունի։ Ունի թե՛ ռազմատեխնիկական, թե՛ տնտեսական իմաստով։ Միևնույն ժամանակ թուրքերն էլ, իհարկե փորձելով շարունակել ինքնուրույն դերակատար լինելու ու դրա աստիճանը բարձրացնելու ուղղությամբ քայլերը, այդուհանդերձ, լավ են պատկերացնում, որ թողնել Արևմուտքը, մեղմ ասած, ի վիճակի չեն ու չի էլ բխում իրենց շահերից ու փորձում են այս փուլում, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների իմաստով գալ իրենց համար առավելագույն բարենպաստ ռեժիմի ու պայմանների։ Սա ընդհանուր առմամբ, իսկ Էրդողանի համար մասնավորապես, կարծում եմ, ընդհանրապես արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական շրջանակում առանցքային հարցերն ածանցվում են գլխավոր խնդրից, դա 2023 թվականի նախագահի ընտրության հարցն է, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիայի տնտեսությունը լրջագույն ցնցումներ է ապրում, ինչն ի դեպ հենց ԱՄՆ-ի ազդեցության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ կարող է ազդել Թուրքիայի վրա։ Թուրքիայի ներսում տնտեսական այս հանգամանքն էապես ազդում է Էրդողանի վարկանիշի վրա՝ լրջագույն բարդություններ առաջացնելով նախագահական ընտրությունների հեռանկարում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular