Շեքսպիրյան 15-րդ թատերական փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի նոյեմբերի 15-20-ը:
Փառատոնը կհյուրընկալի 7 երկրի ներկայացուցիչ ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։
Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Փառատոնին «Թատրոն կամրջի մոտ»-ը («Театр у моста») կներկայացնի «Մակբեթը» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով), իսկ Ռոդոփիի (Բուլղարիա) դրամատիկական թատրոնը՝ «12-րդ գիշեր» ներկայացումը:
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի ուսանողների և անկախ թատերախմբերի համար:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական «Երիտասարդ թատրոնի» (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։
Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։
Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբaել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։