ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ բացատրել Արցախյան կարգավորմանը վերաբերող էական հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր որոշմամբ են նախորդ տարեվերջին հայկական զորքերը հետ քաշվել Սյունիքում, հակառակ դեպքում պատերազմի վտանգ կար։ ՌԴ նախագահ Պուտինն էլ խոսել էր ՌԴ գենշտաբում պահվող ինչ-որ քարտեզների մասին, որոնցով պետք է իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը ՀՀ ու Ադրբեջանի միջև։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին,թե քաղաքագետն ինչ կարծիք ունի վարչապետի այս հայտարարության մասին՝ Անդրեաս Ղուկասյանը ասաց․ «Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ստում է, որովհետև պատերազմի սպառնալիք չէր կարող լինել։ Պարզապես ՀՀ ղեկավարությունը որոշեց դուրս բերել հայկական զորքերը Կովսականի և Սանասարի շրջաններից՝ այսպիսով խուսափելով Ադրբեջանի կողմից հետագա որևէ մեղադրանքից, որ «հայկական զորքերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում։

Սա էր հավանաբար այս որոշման ռազմավարական պատճառը, որը Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ բացատրել հանրությանը, որովհետև առհասարակ ի վիճակի չէ բացատրել Արցախյան կարգավորմանը վերաբերող էական հարցերը, այդ թվում՝ այն հարցերը, որոնք վերաբերում էին հայկական զորքերի՝ անվտանգության գոտու տարածքում տեղակայմանը։ Դրա համար էլ ստիպված է ներկայացնել, որ իբր կար սպառնալիք և դրա համար իրենք դեկտեմբերին այդ զորքերի դուրս բերման հետ կապված լրացուցիչ հուշագիր ստորագրեցին։ Ես բացառում եմ, որ իրականում այդպիսի սպառնալիք կարող էր լինել»։

Անդրադառնալով Պուտինի կողմից նշված քարտեզներին Անդրեաս Ղուկասյանը ասաց․ «Առհասարակ ԵԱՀԿ-ն ունի ձեռնարկ սահմանների դելիմիտացիայի հարցերի համար։ Եվ բավական մեծ եվրոպական փորձ է կուտակված այդ հարցում, ինչի մասին Եվրամիության հանձնաժողովն իր հայտարարության մեջ ևս ասել է։ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հարցն այնպես ներկայացնել, որ իբրև թե ինքն ունի ինչ-որ առաջնայնություն կամ էքսկլյուզիվ հնարավորություն, որն ուրիշները չունեն, և դրանով է փորձում հիմնավորել, թե ինչու դելիմիտացիայի հարցում պետք է պահպանվի եռակողմ ձևաչափը՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Իրականում Խորհրդային միությունում կար համապատասխան միութենական ծառայություն, որը վարում էր Խորհրդային միության բոլոր քարտեզները, այդ թվում՝ միութենական հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների քարտեզները։ Եվ, բնականաբար, այդ քարտեզների օրինակները նաև առկա են և Հայաստանի, և Ադրբեջանի կառավարման մարմիններում։ Եվ պնդել, որ այս հարցում ՌԴ-ն կարող է էքսկլյուզիվ ինչ-որ հնարավորություն ունենալ, որն ուրիշները չեն կարող ունենալ, դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա է, որը Վալդայ ակումբում իր ելութի ժամանակ Վլադիմիր Պուտինը փորձեց ներկայացնել։ Նախորդ տարվա դեկտեմբերին ձախողվեց հակամարտության դադարեցման մասին պայմանագրի կնքումը՝ առանց Ֆրանսիայի ու ԱՄՆ մասնակցության։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն սպառնացին, որ կճանաչեն Արցախի հանրապետությունը, եթե նման քայլի գնան Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը և փորձեն առանց ԵԱՀԿ-ի կնքել այդպիսի պայմանագիր՝ Արցախի կարգավիճակը թողնելով համակարտության դադարեցման այդ պայմանագրի շրջանակից դուրս։ Պատճառաբանությունն այն չէ, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ինչ-որ հատուկ սեր ունեն հայ ժողովրդի նկատմամբ, այլ միջազգային իրավունքի առանձնահատկությունները բացառում են այդպիսի պայմանագրի կնքումն առանց վեճի առարկայի՝ Արցախի կարգավիճակի շուրջ համաձայնության։ Բացի այդ, կարևոր հանգամանք է նաև այն, որ բռնություն է կիրառվել, և Արցախյան երկրորդ պատերազմի սանձազերծման պատասխանատվության հարցը դեռևս որոշված չէ։ Ադրբեջանը պնդում է, որ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին Հայաստանն է հարձակվել ադրբեջանական զինված ուժերի վրա, ինչն ակնհայտ անհեթեթություն է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular