ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի անվտանգային միջավայրը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Սյունիքի մարզում զինծառայողների համար դեռ պայմաններ չեն ստեղծվել, ծառայությունն իրականացնում են բաց երկնքի տակ, ապրում են տնակներում:

Այս թեմայով զրուցել ենք «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք նորմալ է, որ պատերազմից մեկ տարի անց մենք այդ անվտանգային գոտիները չկարողացանք հավուր պատշաճի ամրապնդել, փաստաբանն ասաց․ «Իհարկե, բավականին մտահոգիչ տեղեկություններ են հաղորդվում իրավասու մարմինների կողմից, ինչը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի անվտանգային միջավայրը գտնվում է ոչ բավարար մակարդակի վրա, և անգամ կենցաղային պայմաններն ապահովված չեն: Իհարկե, մեկ տարին բավարար ժամանակ էր իրավասու մարմինների կողմից համապատասխան քայլեր իրականացնելու համար, առավել ևս Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերի ֆոնին: Պետք էր գտնել համապատասխան միջոցներ առաջնագծում խրամուղիների, խրամատների և անձնակազմի համար համապատասխան կահավորումներ ապահովելու համար: Սա մեծ հաշվով, կարելի է ասել, ձախողում է: Կառավարությունը, ՊՆ-ն, ինչպես նաև համապատասխան տարածքային մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում ուղղակի պարտավոր էին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները անձնակազմի համար նորմալ, արժանապատիվ կեցության պայմաններ ապահովելու համար: Ընդամենը կարող եմ արձանագրել, որ սա հերթական ձախողումն է և հերթական կիսատ թողած գործը»:

Անդրադառանով այն հարցին, թե արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների շրջանակում, երբ փաստաբանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արդյո՞ք որոշվել է, որ նա լինելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Նորայր Նորիկյանը ասաց․ «Դեռ սեպտեմբեր ամսին էր որոշվել, որ ես կլինեմ քննիչ հանձնաժողովի կազմում: Քննիչ հանձնաժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դեռևս չի ձևավորվել, մեզ դեռևս չեն ներկայացվել այն իրավական կարգավորումները, որոնց հիման վրա մենք ընդգրկվելու ենք այդ հանձնաժողովի կազմում: «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ կարգավորում ունի, որի համաձայն՝ բացի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից, որևէ այլ անձ իրավունք չունի դառնալ քննիչ հանձնաժողովի անդամ, եթե խնդիրը վերաբերում է ռազմական հարցերի քննարկմանը: Այսինքն՝ կարգավորումն այնպիսին է, որ բացի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի անդամներից, նույնիսկ ԱԺ մյուս պատգամավորները չեն կարող դառնալ հանձնաժողովի անդամ: Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ իրավակարգավորումներ են իրենք ներկայացնելու, որոնց պայմաններում մենք պետք է ներգրավվենք: Ես՝ որպես «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, պաշտոնապես ասեմ՝ եթե մենք հավասար իրավասություններ, լիազորություններ չենք ունենալու, եթե չենք կարողանալու օբյեկտիվորեն վերլուծել և ուսումնասիրել բոլոր հասանելի փաստաթղթերը ու օբյեկտիվ կարծիք կազմել, կարծում եմ՝ լուրջ խնդիր է ի հայտ գալու, թե ընդհանրապես ի՛նչ առաքելությամբ ու ի՛նչ մանդատով ենք այնտեղ լինելու: Այդ մասին ես ասել եմ վարչապետի հետ քննարկմանը: Ուզում եմ նաև ասել, որ այդ հարցը վերջնական դեռ լուծված չէ: Կոնկրետ իմ պարագայում ես կարող եմ վստահաբար ասել, որ չեզոք մարդ եմ լինելու: Այս հանձնաժողովում իմ լինելը նպատակ է հետապնդում բացահայտել ճշմարտությունը և հասկանալ, թե ի՛նչ է եղել: Երկու սկզբունքային հարցի պատասխան եմ ուզում ստանալ՝ ո՞րն է եղել պատերազմի բռնկման և պարտության պատճառը: Այնպես չէ, որ մենք որևէ դիրքավորման կողմից ենք հանդես գալու, այլ ճիշտ հակառակը: Ովքեր էլ լինեն մեղավոր, անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության: Լինեն ներկաներ թե նախկիններ՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular