ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը որևէ միջազգային ակտով դադարեցված չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանազատման գործընթացի մասին խոսելիս՝ Պուտինը հիշատակեց ՌԴ գենշտաբում պահվող քարտեզների մասին ու ասաց, որ այլ երկրների մասնակցություն պետք չէ այս գործընթացին։ Այս փուլում նաև տեղեկություն կա, որ առաջիկայում հնարավոր է ինչ-որ փաստաթղթերի ստորագրում։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը իրավապաշտպանը ասաց․ «Առաջին հերթին պետք է արձանագրենք՝ քանի դեռ Հայաստանի ու ՀՀ բնակչության, հատկապես սահմանամերձ բնակիչների նկատմամբ անվտանգային սպառնալիքները վերացված չեն, երկրորդ՝ ատելության այն հռետորաբանությունը, որը կիրառվում է սահմանազատման ենթադրյալ մասնակից մի պետության կողմից, վերացված չէ և քանի դեռ չկա փոխադարձ համագործակցության մթնոլորտը, որևէ խոսակցություն չի կարող տեղի ունենալ։ Ավելին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Այսինքն, ինչպե՞ս է այդ պայմաններում իրականացվելու այդ սահմանազատումը։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս Պուտինի, իր տեսակետն է արտահայտում՝ որպես պատերազմական գործողությունները դադարեցրած կողմ, ապա այդ մոտեցմանը պետք է որպես հակափաստարկ ներկայացվեն իմ նշած գործոնները, հիմնավորումները։ Ի դեպ, այդ մասին արդեն արտահայտվում են պաշտոնատար անձինք, առնվազն գոնե Արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով հստակ ուղերձներ ու դիրքորոշումներ են ներկայացվում։ Պատերազմական գործողությունների դադարեցման այդ հայտարարությունը որևէ կապ չի կարող ունենալ այն մեխանիզմների հետ, որոնք կարող են առնչվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Ինչո՞ւ, որովհետև սահմանազատման մասին կան հստակ սահմանված ու ձևակերպված ԵԱՀԿ-ի մեխանիզմներ։ Երկրորդ, անպայման պետք է ներկայացված լինեն միջազգային այնպիսի սուբյեկտներ, առանց որոնց մասնակցության հնարավոր չէ որևիցե գործընթաց, որը, կրկնում եմ, ենթադրում է միմիայն գործընկերային կողմերի հավասար մասնակցության ապահովում, որի ուղղությամբ, սակայն, նույն Վլադիմիր Պուտինը որևէ ջանքեր չի գործադրում։ Այսինքն, ինքն անտեսում է հայ ռազմագերիների շարունակական գտնվելը Ադրբեջանում, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն։ Բայց, կներեք, այդ հայտարարության երաշխավորը, գրողը՝ իր իսկ խոստովանությամբ, հենց Պուտինն է։ Իսկ եթե ինքը դա չի կարողանում ապահովել, ապա ի՞նչ սահմանազատման հարց է բարձրացվում։ Ինքը չի էլ կարող հանդես գալ որպես այն սուբյեկտը, որը կարող է երաշխավորել փոխադարձ հարգանքի, կողմերի հավասարության սկզբունքի, ատելության բացառման հանգամանքները։ Ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչ է ասում Ալիևը, շատ լավ տեղյակ է, թե ինչ գործողություններ են կատարվում, որ ռազմագերիները վերադարձված չեն։ Ես հասկանում եմ, որ պատերազմի արդյունքների հիման վրա Ալիևը կարող է ոգևորվել, բայց երբ այդ ոգևորությունը ներկայացնում է սպառնալիքներով, ընդհուպ՝ Երևանը կամ Սյունիքը գրավելու մասին հայտարարություններով, տարբեր զորավարժությունների իրականացմամբ ու սպառազինության մրցավազք իրականացնելով, սրանք այն գործողությունները չեն, որոնք կարող են վստահություն ներշնչել։ Ավելին, այդ գործողությունների հանդեպ Պուտինի նման պասիվ վերաբերմունքն ամենևին չի նպաստում վստահության ձևավորմանը, որ ՌԴ-ն կարող է հանդես գալ որպես նման գործընթացի երաշխավոր։ Ինչ վերաբերում է ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներին, այդ քարտեզներն ունի ոչ միայն Ռուսաստանի գլխավոր շտաբը։ Տարբեր քարտեզներ կան, բայց խնդիրը գործընթացն է։ Խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են, խոսում են խաղաղության պայմանագրի մասին, բայց մյուս կողմը բացարձակապես չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը։ Այս կոնֆլիկտը եղել է Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման մասին։ Եվ խնդիրները հենց առաջացել են Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների դաշտում։ Բայց Ադրբեջանն ընդհանրապես չի խոսում դրա մասին, ավելին, իր սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, դրանք ուղղակի սպառնալիքներ են նաև ԼՂ բնակչության նկատմամբ։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը որևէ միջազգային ակտով դադարեցված չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular