ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի մեկին վերցնել, ճանաչել փորձագետ, ինչ կգրի՝ կգրի, և ըստ այդմ՝ մարդկանց մեղադրանք առաջադրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ «անորակ հրթիռների» գործը և նման կարգի գործերն առանց քաղաքական կամքի առկայության չեն կարող բացահայտվել և բացահայտման ուղղությամբ գնալ:

Այս թեմայով զրուցել ենք Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե ինչ սպասելիքներ կան, որ իշխանությունները, ի վերջո, կդրսևորեն համապատասխան քաղաքական կամք` Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը ասաց․ «Մեր հայտարարությամբ կոչ ենք արել վերադառնալ իրավական ընթացակարգերին և ապահովել օբյեկտիվ քննություն: Մեր միակ սպասելիքը օբյեկտիվությունն է: Մենք պահանջում ենք անցկացնել փորձաքննություն այն ծավալով, որն ի սկզբանե նշանակված է եղել: Եվ, ի վերջո, տրվի պատասխանն այն հարցերի, որոնք այս ամբողջ ընթացքում շահարկվել են։ Կարող եմ ասել, որ գործով առերեսումներ չեն եղել: Եթե վերադարձ կատարվի իրավական ընթացակարգերին և կատարվի օբյեկտիվ քննություն, ապա համոզված եմ, որ այլ իրավիճակ կունենանք: Դատավորներն էլ այլ կլինեն, որոնց կմակագրվի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը, և որոշումը էականորեն կտարբերվի առաջին ատյանի դատարանի որոշումից»։

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի դեմ ցուցմունքներ կորզելու մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, Հովհաննիսյանը հղում կատարեց իրենց տարածած հայտարարությանը` որում, մասնավորապես, ասվում է. «Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաև այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում»:

Դավիթ Տոնոյանի փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ «անորակ հրթիռների» գործով անցնող և զենք-զինամթերքի մատակարարման գործում չարաշահումների մեջ մեղադրվող մյուս անձանց (ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյան, գործարար Դավիթ Գալստյան, ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյան) և նրանց շահերի պաշտպանների հետաքրքրությունները նույն կետում են հատվում, քանի որ բոլորին մեղսագրվող արարքները մեկը մյուսի հետ փոխկապակցված են:

«Եվ, ըստ էության, ամենակարևոր հանգամանքը՝ այդ հրթիռների պիտանելիություն, ժամկետ, պահանջարկ, այս ամեն ինչը պետք է քննության արդյունքում և նաև փորձաքննությամբ պարզվի: Դա է բուն նպատակը մեր: Դա է բոլորի ընդհանուր շահը։ ՊՆ մասնագետները կաշկանդվածություն են ունենալու մասնագիտական կարծիք հայտնել։ Ի՞նչ եք կարծում՝ Պաշտպանության նախարարության (ՊՆ) մասնագետը կարո՞ղ է անկախ փորձագետ լինել, եթե տվյալ դեպքում, այսպես ասած, տուժող հանդիսանում է հենց ՊՆ-ն: Այսինքն, ՊՆ մասնագետը կաշկանդվածություն է ունենալու, երկրորդ՝ ապրանքագիտական մասով, եթե փորձաքննություն նշանակվի, բնականաբար, ՊՆ մասնագետը չի կարող արժեք որոշել: Տարբեր այլ հարցեր կան, ուստի, կարծում ենք, միջազգային փորձագետների ներգրավմամբ պետք է այդ փորձաքննությունն անցկացվի, քանի որ այն իրենից լուրջ փորձաքննություն է ներկայացնում: Չի կարելի մեկին վերցնել, ճանաչել փորձագետ, ինչ կգրի՝ կգրի, և ըստ այդմ՝ մարդկանց մեղադրանք առաջադրվի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular