ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները գալիս են և ստեղծում են միակուսակցական որակական մեծամասնությամբ պառլամենտներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարը հայտնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս գործընթացից միայն կարելի է ակնկալել սահմանադրության ու սահմանադրական փոփոխությունների բուն էության խեղաթյուրում։

«Ես համոզված եմ, որ այն, ինչ արվելու է, պետք է պարզապես հարմարեցվի այս քաղաքական ուժի նեղ խմբակային շահերին, որ որևէ դրական արդյունք ես անձամբ չեմ ակնկալում»։

Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ, երբ այս Սահմանադրությունն ընդունվում էր, հարց էր բարձրացվել, որ նախ և առաջ պետք է դիտարկվի և վերանայվի Ընտրական օրենսգիրքը։ «Այնտեղ կան մի քանի դրվագներ, որոնց վերաբերյալ ես ժամանակին համաձայն չէի։ Նախ և առաջ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից էի ես դիտարկում արել։ Սահմանադրության մեջ մարդու իրավունքները բաժանված են երկու մասի՝ երկրորդ և երրորդ գլուխ։ Եվ դրանով իսկ արդեն սոցիալական բավական մեծ իրավունքներ պարզապես դուրս են գալիս մարդու իրավունքների պաշտպանի վերահսկողությունից, մարդիկ այլևս չեն կարող դիմել ՄԻՊ-ին այդ խնդիրներով։ Ընդհանրապես խնդրահարույց է պառլամենտական կոչվող համակարգը, որն իրականում դարձել է վարչապետական։ Պառլամենտական հանրապետություն՝ որպես այդպիսին, մենք այդպես էլ չունեցանք։ Մենք ունեցել ենք պառլամենտական հանրապետություն մեկ տարի՝ 1990-ից մինչև 91 թվականի աշունը, երբ նախագահականի անցանք։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից իշխանությունհները գալիս են և ստեղծում են միակուսակցական որակական մեծամասնությամբ պառլամենտներ, որոնք պարզապես դառնում են գործիք՝ լինի դա ժամանակին նախագահի ձեռքին, իսկ հիմա էլ վարչապետի ձեռքին։ Եվ այս ամենի ֆոնին Սահմանադրությունում առկա դրական փոփոխություններն առոչինչ են դառնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular