«Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Քաղաքական գործընթացի մեջ ներգրավվումը և ընտրություններին մասնակցությունը երբևէ ինքնանպատակ չի լինում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Կարեն Մինասյանը նշում է՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված էր համայնքում առկա ոչ բարվոք իրավիճակով: «Վստահ եմ՝ իմ անմիջական մասնակցությունը դրականորեն կազդի ավելի ապահով ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է: Մյուս քաղաքական ուժերում ևս համայնքում հայտնի և ընդունված մարդիկ են: Ընտրությունը լինելու է ժողովրդինը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը:
Ծրագրերի և ընտրվելու պարագայում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին խոսելիս՝ նշում է, որ ուշադրության կենտրոնում լինելու են Վայքի նախակրթարանները: «Լուրջ խնդիր ունենք մանկապարտեզների բեռնվածության հետ: Ներդրողներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնել համայնքում գործող մանկապարտեզները վերազինելու, վերակառուցելու, դրանց հնարավորություններն ավելի մեծացնելու հարցում: Իհարկե, այս ամենի հիմքում մեր քաղաքական թիմի հանդեպ վստահությունն է: Եթե ներդրված գումարները չբավարարեն կոնկրետ մանկապարտեզներին վերաբերող ծրագիրն ավարտին հասցնելու համար, մեր սեփական միջոցներով այն կյանքի կկոչենք: Եթե հարկավոր լինի, շատ կարճ ժամանակում նոր մասնաշենքեր կկառուցենք, ամբողջությամբ նոր մանկապարտեզ կբացենք համայնքում: Խնդիր ունենք նաև մանկապարտեզների որակի հետ: Փառք ու պատիվ այն անձնակազմին, որը մինչև հիմա կարողանում է մանկապարտեզները եղած չնչին հնարավորություններով գոնե այս մակարդակին պահել: Վստահ ենք, որ կարող ենք սա փոխել, ունենալ ավելի մեծ ու բարվոք մանկապարտեզներ, որոնք կվերածենք նախակրթարանների»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ժամանակին Վայք քաղաքում եղել է չորս մանկապարտեզ, հիմա ունեն ընդամենը երկուսը:
Ընդգծում է՝ հաջորդիվ ուշադրության կենտրոնում լինելու է երեխաների առողջ ապրելակերպը: «Համայնքը լողավազան չունի: Դժբախտաբար, ամառային արձակուրդների ժամանակ երեխաների՝ գետերում խեղդվելու դեպքեր են արձանագրվում: Շատ կարևոր ծրագիր է, որ մինչև 2022 թ.-ի ամառային արձակուրդները համայնքի երեխաների համար հասցնենք լողավազան կառուցել, որը լինելու է անվճար: Թե՛ լողավազանը, թե՛ մանկապարտեզը կառուցվելու են ոչ համայնքային միջոցներով, այլ մեր անձնական կապերի շնորհիվ ու մեր ֆինանսական միջոցներով: Մեր համայնքի բնակիչներից շատերը, որոնք այժմ բնակվում են արտերկրում և հանրապետության մյուս մարզերում ու այնտեղ են գործունեություն ծավալում, պատրաստակամ են մեզ օգնել: Մեզ համար առաջնահերթություն է, որ կարողանանք երեխաների մանկությունն ավելի երջանիկ ու բովանդակալից դարձնել:
Սա ուղղություններից մեկն է: Այս դեպքում խոսում ենք Վայք քաղաքի խնդիրների մասին, բայց չմոռանանք, որ 15 գյուղական համայնքներ խոշորացման արդյունքում դառնալու են Վայք համայնքի մի մասը: Գյուղական այս համայքներում էլ լուրջ ծրագրեր պետք է իրականացնենք՝ սկսած վարելահողերը ջրով ապահովելուց մինչև գյուղական համայնքներում տարբեր տեսակի ճանապարհները վերանորոգելուց: Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բացակայում են թաքստոցները, այնտեղ առաջնային է դրանց կառուցումը: Եթե խնդիրների լուծումը փորձենք դիտարկել միայն համայնքային բյուջեի շրջանակում, բացառվում է, որ մոտակա տասը տարում կկարողանանք լուծել մեր առաջ քաշած խնդիրների գոնե 50 տոկոսը: Համայնքը ֆինանսապես ի զորու չէ դա անել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:
Նոյեմբերի 10-ից համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Մինչ այդ էլ Մինասյանն ու իր թիմը զրույցների ու հանդիպումների ընթացքում տեղեկացել են բնակիչների հիմնական մտահոգություններին: «Համայնքում բնակչության առջև ծառացած հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով մեծ թվով մարդիկ, ավաղ, արտագաղթում են համայնքից: Մեր առաջնահերթություններից է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նշեմ, որ ինձ ու իմ ընտանիքին պատկանող ընկերություններն այսօրվա դրությամբ ամենամեծ գործատուներն են: Հարյուրավոր աշխատատեղեր ենք ստեղծել՝ բավականին բարձր աշխատավարձերով, դա բոլորն են տեսնում: Ունենք հաջողված փորձ բիզնես ոլորտում: Այսօր թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման ոլորտում անձնական կապերը մեծ դեր են խաղում: Պատրաստվում ենք ի նպաստ օգտագործել գործարար շրջանակներում ունեցած մեր վստահությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել մարդկանց զբաղվածության մակարդակը»,եզրափակում է Կարեն Մինասյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում