ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բերդի կալանավորված համայնքապետը ընտրությունների ժամանակ իշխանություններին չի սատարել». փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

«Մեղադրանք առաջադրվել է երկու դրվագ արարքի համար՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին) և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու (314-րդի 1-ին մասերի հատկանիշներով), որով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են, ուստի մեղադրանք առաջադրելն էլ է ակնհայտ ապօրինի է եղել, կալանավորումն էլ որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումն էլ»,- նշեց Թամրազյանը:

Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի կեղծման մասին է խոսքը, Բերդի համայնքապետի փաստաբանը նշեց՝ իբր շինարարական թույլտվություն տալու ավարտական ակտի կազմման վերաբերյալ փաստաթղթերն են առերևույթ կեղծ, որոնք ըստ մեղադրանքի որոշման՝ կատարվել են 2015-ին:

«Այստեղ քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, վաղեմության ժամկետներն անցած են: Այդ արարքները միջին ծանրության հանցագործությունների շարքին են դասվում, որոնց վաղեմության ժամկետը 5 տարի է: Հիմա՝ վեց տարի անց, նրան այդ հոդվածներով մեղադրանք առաջադրելն ակնհայտ ապօրինի է, և դատարանն այդ պայմաններում խափանման միջոց է ընտրել»,- ասաց Մանուչարյանի պաշտպանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Այս համատեքստում Արման Թամրազյանը մանրամասնեց, որ Հարություն Մանուչարյանի որդին շինարարություն է իրականացրել, որը մի քանի մետր ընդամենը կատարվել է համայնքային հողատարածքում:

«Երբ այդ մասին համայնքապետարանը տեղեկություն է ստացել, վարչական վարույթ է հարուցվել նրա որդու նկատմամբ, բայց քանի որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվում, վարույթը կասեցվել է օրենքի ուժով, և վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի որդին վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Սրանից հետո այդ կառույցը համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշման հիման վրա օրինականացրել է: Այսինքն, նախ այն դարձրել է համայնքի սեփականությունը, այնուհետ վաճառել իր որդուն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ոչ միայն համայնքի բյուջե գումար է մուտքագրվել, այլև այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող և որևէ մեկին ոչ պիտանի տարածք է, սակայն վարույթն իրականացնող մարմինը դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում, թեպետ հանցակազմ գոյություն չունի:

«Հողամասը պարսպապատել է, հենապատ է կառուցվել, և մի քանի մետր ընդամենը մտել է համայնքային հող: Եվ այդ մի քանի մետր մտնելու համար բավականին մեծ գումար է վճարել՝ օրենքով սահմանված դրույքաչափի համապատասխան: Այսինքն, համայնքի բյուջե փող է մտել, ոչ թե վնաս է պատճառվել համայնքին»,- շեշտեց Բերդի համայնքապետի պաշտպանը:

Փաստաբանի տեղեկացմամբ, Մանուչարյանի 2012-2021 թվականների գործունեության բոլոր ոլորտներն են ուսումնասիրել, թեպետ գործն այլ փաստերի առթիվ է հարուցված ընդհանրապես, որպեսզի նրա դեմ մի բան գտնեն, և արդյունքում մի բան գտել-կպցրել են:

Արդյոք Բերդի համայնքապետի նկատմամբ իշխանությունների նման հետաքրքրությունը քաղաքական դրդապատճառներ ունի՞՝ հարցին Արման Թամրազյանը պատասխանեց.

«Ես գիտեմ, որ Մանուչարյանը ընտրությունների ժամանակ իշխանություններին չի հարել, չի սատարել, այլ քաղաքական հայացքներ, այլ դիրքորոշում է ունեցել, և դրանով եմ ես պայմանավորում սա, որովհետև առանց ուղղորդման այսքան ապօրինություն չէր կարող արվել»:

Պաշտպանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular